Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ մայիսի 5-ին ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ:
Վրաերթի հետեւանքով կենտրոնի մեքենան գլորվել է ձորը, հրաշքով բոլորը ողջ են մնացել, բայց ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ «Թումոյի» աշխատակիցներն, այնուամենայնիվ, շարունակել են իրենց ճանապարհը, Մարտակերտում կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը, այնուհետեւ վերադարձել են Ստեփանակերտ եւ դիմել բուժզննման։
«Նրանց առաքելության նպատակն է շատ գյուղացի երեխաներ ներգրավել՝ ավելի լավ կրթության համար»,- եզրափակել է Բեգլարյանը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի դատախազությունից տեղեկացրել են, որ միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի եւ երկու ուղեւորների առողջությանը լուրջ վնաս չի հասցվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, երկու ուղեւոր տեղափոխող տաքսու վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախման՝ դիտավորության կամ անզգուշության հետեւանք լինելը պարզելու ուղղությամբ: