«Դուք ձեւում եք ինձ, ես անդրադարձնում եմ ձեզ». այս խորագրով մայիսի 6-ին կայացավ Անահիտ Ղազարյանի լուսանկարչական նախագծի ցուցադրությունը։
Ինչպես ասել է Բարբարա Քրյուգերը, քո մարմինը մարտադաշտ է: Կնոջ մարմինը, դեմքը, ձայնը, շրջապատող միջավայրը մարտադաշտ են ամեն օր: Եթե մենք դա չենք զգում, ուրեմն մարտը գաղտնի է ընթանում: Անահիտ Ղազարյանի լուսանկարների շարքն այս չերեւացող մարտերի վերլուծությունն է:
Յուրաքանչյուր լուսանկարում Անահիտն օգտագործում է սեփական մարմինը՝ ստանձնելով միաժամանակ երկու դեր՝ հեղինակի եւ օբյեկտի: Նա ծածկվում է լուսանկարչական խցիկից հայելիով՝ միաժամանակ ցույց տալով, որ նկարում մարդու փոխարեն երեւում են մեր իսկ սպասելիքները:
«Շարքը կնոջ ինքնության հարցի մասին է: Թե ինչպես ես մտածում ինքդ քո մասին, եւ ինչ է անկնկալում քեզնից հասարակությունը: Նկարներում հայելիով փակված է գլուխը, ինչի փոխարեն արտացոլվում են հասարակության սպասելիքները»,- ասում է Անահիտը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում:
Օրինակ՝ լուսանկարներից մեկում հայելին արտացոլում է մոր եւ մանկան պատկեր, մյուսում՝ հարսի զգեստով մանեկեն: Մշտապես գեղեցիկ, խնամված, հոգատար, ուժեղ, ընտանիքի մայր, հաջողակ, հանդուրժող. պիտակներ, որոնք ծնվում ու հետապնդում են կնոջը նրա ողջ կյանքի ընթացքում:
Անահիտը պատմում է, որ նման լուսանկարներ անելու միտք հղացել է դեռ 2016 թվականին, երբ սովորում էր Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Ֆոտոշարքը հաջողությամբ իրականացվելուց հետո երկար ժամանակ համակարգչի մեջ էր, եւ գուցե այնտեղ էլ մնար, եթե տարիներ անց Անահիտը չհանդիպեր Լիլիթ Միկոյանին, ով աշխատել է նրա հետ, սովորեցրել ցիանոտպագրություն եւ նպաստել այս ցուցադրության կազմակերպմանը:
«Ցուցահանդեսի համար կենտրոնական պատկերը Անահիտի աչքերի արտացոլումն է հայելիներում: Այստեղ նա է հայացքի տերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հայացքը նույնպես կարող է բազմացվել՝ դառնալով անկայուն ու փոփոխական: Սա ոչ թե շահագործող, այլ անդրադարձող հայացք է»,- ասում է արվեստի քննադատ Ելենա Այդինյանը։
Ցուցադրությանը ներկա բազմաթիվ կանանց նույնպես տպավորել էր ֆոտոշարքի թեման: Ծանոթ-անծանոթ ոգեւորությամբ քննարկում էին գենդերային հավասարության թեման։
Մի մասը կարծում էր, որ գենդերը խորթ է մեր ազգային նկարագրին. դրսից ներմուծված, օտարածին ուղղություն է եւ նպատակ է հետապնդում խարխլելու դարերով արմատացած հայոց ազգային ավանդույթները: Մյուսները հակված են այն կարծիքին, որ սեռերի իրավահավասար հարաբերակցության հիմնախնդիրներն ամենեւին էլ խորթ չեն, եւ, որ ամենակարեւորն է, գենդերային իրավահավասարության հաստատումը կարեւորագույն քայլն է կայուն եւ ժողովրդավարական ազգային պետության կայացման ճանապարհին:
Հայկական մշակույթում ընդունված ընտանիքի պատրիլոկալ ձեւը փոխում է ծնողի՝ սեփական զավակների ընկալման տեսանկյունը՝ ստեղծելով գենդերային անհավասարության պայման հանդիսացող «Աղջիկը գնացող ա», «Տղեն տան սյունն ա» կարծրատիպները: Դրանք արտացոլվում են խոսակցական լեզվում տարածված եւ հաճախ կիրառվող փոխաբերություններում` «Աղջիկը ուրիշի տան պատ ա», «Տղան օջախի ծուխը վառ ա պահում», «Եթե տղա ունես, տանդ ծուխը չի մարում» եւ այլն:
Աղջկա դաստիարակությունն ամբողջությամբ կառուցված է «Աղջիկը գնացող ա» գաղափարի շուրջ եւ ուղղված իգական դերին ներկայացվող հասարակական սպասելիքների արդարացմանը: Սա ստեղծում է, մի կողմից, աղջկա ավելի խիստ վերահսկման, խիստ դաստիարակության անհրաժեշտություն` «Աղջիկը ընտանիքի դեմքն ա ներկայացնում», մյուս կողմից՝ նրանից ապագայում ավելի համեստ ձեռքբերումներ են ակնկալվում, քան տղայից, որի ձեռքբերումները կլինեն ընտանիքի բարեկեցության գրավականը:
Քննարկվող հաջորդ կարծրատիպը վերաբերում է աղջկա` ավելի շատ որպես օբյեկտի, քան սուբյեկտի ընկալմանը։ Աղջկա նկարագրության մեջ գերակշռում են արտաքին տեսքին, գեղեցկությանը վերաբերող արտահայտություններ` ի հակադրություն տղաների, որոնք ընկալվում են որպես սուբյեկտներ: Հատկապես ակնհայտ է տղամարդկանց՝ աղջկա որպես «օբյեկտի» ընկալումը, նրա նույնացումը թանկարժեք, գեղեցիկ, բայց անշունչ առարկաների հետ. «Ոնց որ գանձ լինի»:
Նույն կերպ հոգեւորականներն աղջկան նույնացնում են Մարիամ Աստվածածնի հետ: Նշված գաղափարը նույնպես զուրկ է սուբյեկտայնությունից: Կինը դիտարկվում է որպես սրբություն, որը պետք է օժտված լինի առաքինությունով եւ իր ամբողջ ներուժը ուղղի դեպի ընտանիքի անդամների խնամքը՝ վերարտադրելով Մարիամ Աստվածածնի կերպարը:
Այդ ընկալմամբ կնոջ կերպարում դժվար է տեղավորվում հասարակության մեջ բարձր տեղ գրավելու, կարիերա կառուցելու ձգտումը, քանի որ դրանք շեղում են նրան իր գլխավոր առաքելությունից՝ մոր եւ կնոջ պարտականություններից: Որպես հետեւանք` հայ հասարակության մեջ կինն իր ինքնիրացման ամենամեծ դաշտը տեսնում է ընտանիքում, եւ նրա երազանքներն ու ձգտումներն ամփոփվում են մայրական դերը լավագույնս կատարելու մեջ:
Լուսանկարների ցուցահանդեսից մինչեւ հայ հասարակության մեջ սեռերի անհավասարությանը վերաբերող բանավեճ: Ներկաներն իրենք էլ չհասկացան՝ ասելիքն էր կուտակվել, թե այս թեման այնքան բարձրաձայնված չէր, որ միասին մի լավ մարսելու կարիք կար:
Անահիտ Ղազարյանի լուսանկարչական նախագծի ցուցադրությունը «Դալան» պատկերասրահում շարունակվելու է 9 օր: