Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը պաշտոնապես եւս հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները:
Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին Ելիսեյան պալատում: Արարողությանը ներկա են եղել ավելի քան 500 բարձրաստիճան հյուրեր, նրանց թվում՝ նախարարների կաբինետի անդամները՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետեր Էդուարդ Ֆիլիպը, Մանուել Վալսը, Ալան Ժյուպեն եւ Ժան-Պյեր Ռաֆարենը։
Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ դիմել Մակրոնին. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»: Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր:
Երդմնակալությունից հետո առաջին ելույթում Էմանուել Մակրոնը խոստացել է ամեն բան անել, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետն առաջինից արմատապես տարբերվի եւ երկիրն ավելի անկախ եւ ուժեղ դարձնի եւ դիմակայի դարի մարտահրավերներին: «Սա միանգամայն նոր հնգամյա ժամկետ է լինելու, այլ ոչ թե սոսկ նախորդի պարզ շարունակությունը», — հավելել է Մակրոնը։
Մակրոնը նշել է, որ ներկայիս ժամանակների լրջության գիտակցումն ուղեկցում է իրեն՝ սկսած Եվրոպայում վերջին շրջանի իրադարձություններից մինչեւ համավարակ ու բնապահպանական հարցեր:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ արտաքին քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրացումից: Մակրոնի համոզմամբ՝ հենց դժվարին ժամանակներում է Ֆրանսիան ցուցադրում իր լավագույն որակները:
«Շատ հազվադեպ են մեր աշխարհն ու մեր երկիրը բախվել նման մարտահրավերների: Ֆրանսիայի ժողովուրդն ընտրել է ապագայի հստակ նախագիծը՝ հանրապետական ու եվրոպական նախագիծը, ապակայունացված աշխարհում անկախության նախագիծը, գիտական, սոցիալական ու բնապահպանական առաջընթացի նախագիծը»,- ընդգծել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը ծրագրում է նոր վարչապետ նշանակել մայիսի 14-ից ոչ շուտ։ Ավելի վաղ վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել էր, որ հրաժարական կտա նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Սակայն Ելիսեյան պալատի պարզաբանումից հետո Կաստեքսը հետաձգել է նախապես ծրագրած իր հրաժեշտի ընթրիքը նախարարների հետ։