Նանե Ասատրյանը Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից ազատվել է 2021-ի հուլիսին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանի միջնորդության հիման վրա: Այդ ժամանակ Ասատրյանը հղիության 6-րդ ամսում է եղել, ծանր հղիություն է տարել:
Քանի որ փոխմարզպետի պաշտոնը հայեցողական է, Ասատրյանի կարգավիճակը հաշվի չի առնվել նրան աշխատանքից ազատելիս: Հենց այստեղ էլ, ըստ Ասատրյանի, օրենքի բացն է, երբ կնոջ կարգավիճակը որոշիչ չի լինում:
Նախկին փոխմարզպետն աշխատանքից ազատման մասին զրուցել է մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ: Վերջինս պատասխանել է, թե այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գրիգորյանից պահանջել է փոխմարզպետին աշխատանքից ազատելու միջնորդագիր ներկայացնել, քանի որ քաղաքական թիմն այդպես է որոշել: Ասատրյանը փորձել է նաեւ Պապիկյանի հետ զրուցել, բայց զանգերն անպատասխան են մնացել:
Ասատրյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծում է՝ միշտ էլ իմացել է, որ իր պաշտոնը հայեցողական է, եւ օրենքի նման կարգավորում կա: Բայց հղի կնոջ դեպքում պետք է գործեին այլ սկզբունքներ: «Ես աշխատանքից ազատվելու հետ խնդիր չունեմ, կարեւորը հղի կնոջ ու չծնված կամ նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունն է: Սահմանադրական այն դրույթը, որ մարդը գերակա արժեք է, պետք է ամեն քայլափոխի շոշափելի լինի, ոչ թե միայն թղթի վրա»,- նշում է նա:
Աշխատանքից ազատվելուց ընդամենը 20 օր անց Ասատրյանը պետք է մեկներ ֆիզարձակուրդ: Աշխատանքը կորցնելու պատճառով զրկվել է նաեւ մայրանալ պատրաստվող կանանց միանվագ տրվող 4 ամսվա աշխատավարձից՝ նվազագույն հաշվարկով մոտ 1.5 մլն դրամ: Աշխատավարձի վերջնահաշվարկ արվել է: Ասատրյանը ստացել է փոխմարզպետի իր մեկ ամսվա աշխատավարձն այն դեպքում, երբ աշխատանքի վերջին ամսվա ընթացքում փոխարինել է մարզպետին, քանի որ Գրիգորյանը նախընտրական քարոզչությամբ էր զբաղված:
Նախկին փոխմարզպետն այժմ չի ստանում նաեւ աշխատող մայրերին տրվող նպաստը, քանի որ ֆիզարձակուրդ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթուղթը, որը պետք է ներկայացներ մայրական նպաստի համար, չի եղել:
Թեեւ այդ ընթացքում Նանե Ասատրյանը հանրային հնչեղություն չի տվել հարցին՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավական աջակցություն է ստացել եւ դիմել դատարան: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Տիրուհի Վարդանյանը ստանձնել է Ասատրյանի շահերի պաշտպանությունը։
Վերջինս կարեւորում է այն հանգամանքը, որ Ասատրյանին պաշտոնից ազատելու որոշման մեջ որպես հիմք նշված է միայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը (Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը):
«Որոշմամբ Ասատրյանին աշխատանքից ազատելու որեւէ հիմնավորում չի տրվում, չի ներկայացվում, թե ինչու է մարզպետը նման միջնորդագիր ներկայացրել»,- նշում է փաստաբանը:
Վարդանյանն ասում է՝ դատական հայցը ներկայացնելիս հիմնական շեշտադրումը կատարվել էր միջազգային օրենսդրությամբ սահմանված իրավակագավորումների վրա, որոնք երաշխիքներ են սահմանում հղի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ: «Այդպիսի երաշխիքներ սահմանված են նաեւ ՀՀ ներպետական օրենսդրությամբ. մասնավորապես, կանայք պաշտպանված են իրենց հղիության ժամանակահատվածում, եւ նրանց աշխատանքից ազատելն արգելված է»:
Այս մարտին դատարանը մերժել է հայցը՝ կրկին հղում կատարելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին եւ նշելով, թե հայեցողական պաշտոնների դեպքում կնոջ հղիության կարգավիճակը հաշվի չի առնվում: Ասատրյանն ու նրա փաստաբանը վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այժմ սպասում են դատարանի որոշմանը, որից հետո կհասկանան ինչ ընթացք տալ: Նանե Ասատրյանը վստահեցնում է՝ եթե այս անգամ եւս դատարանը մերժի հայցը, ինքը պատրաստ է դիմելու միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԻԵԴ (մարդու իրավունքների եվրոպական դատարան), քանի որ օրենքի բացի պատճառով նույն խնդիրները կարող են ունենալ այլ հղի կանայք եւս:
Բացի այդ՝ Ասատրյանը պատրաստվում է որեւէ ձեւաչափով քննարկումներ նախաձեռնելու, որ ԱԺ-ում անդրադառնան օրենքի այդ դրույթին, բարելավեն այն: Ըստ նախկին պաշտոնյայի՝ թվացյալ փոքրիկ բացթողումը վնասում է կին քաղաքական, պետական գործիչների կարիերային:
«Երեք մարզպետների պաշտոնավարման ժամանակ եմ աշխատել: Բոլորն էլ ընտրությունների նախաշեմին ազատորեն մեկնել են արձակուրդ, ծավալել քաղաքական, քարոզչական գործունեություն՝ վստահ լինելով, որ ես պետական աշխատանքն իմ ուսերին տանելու եմ առանց որեւէ խնդրի: Պետք է կարծրատիպը փոխվի, ու պարզ լինի, որ կինը կարող է երեխա ունենալ՝ միաժամանակ շարունակելով պետական-քաղաքական գործունեությունը: Սա կառավարության վերաբերմունքն է հղի կնոջ եւ երեխայի նկատմամբ»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: