Հաղթանակի օրվա հետ ինչ-որ բան պետք է արվի։ Այն նույնպիսի պատմություն է, ինչպիսին ծովից ծով Հայաստանը։ Նույնպիսի, ինչպիսին Երեւանի, ասենք, 2800-ամյակը, երբ քաղաքում 100 տարեկան մեկ-երկու շենք դժվար է գտնել։
Բոլոր հաղթանակներից մեզ մնացել է միայն Սարդարապատը։ Նույնիսկ Բեռլինի գրավումը մերը չէ, քանի որ Հայաստանի համար այն ոչինչ չարժեցավ։ Մինչդեռ նշում ենք նաեւ այդ օրը։ Գերմանացիները պարտվեցին, բայց վերաիմաստավորեցին այդ պարտությունը, մեր պարտությունները միայն խմորում են հաջորդը։
Ի՞նչ անել Մայիսի 9-ի հետ։
Այսինքն, ինչպե՞ս որեւէ մեկին հասկանալի դարձնել, որ այդ օրվա շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։ Այդպիսի հաղթանակ այլեւս չկա, Շուշին մերը չէ, չի էլ ուրվագծվում այն օրը, երբ մերը կլինի։ Չի ուրվագծվում ոչ թե այն պատճառով, որ հայ ժողովուրդը այսուհետեւ ծնելու է միայն վախկոտների, որոնք այն հետ բերել չեն կարող, այլ որ չկա գիտակցումը, որ հաղթանակը միայն կռվով չեն տանում։
Ադրբեջանցիները Նախիջեւանի համար երբեք կռիվ չեն տվել։ Բայց տարվա անխտիր բոլոր օրերը Նախիջեւանը գրավելու պաշտոնական օրեր են, Ադրբեջանը ցանկացած օր կարող է նշել Նախիջեւանի գրավումը որպես իր ժողովրդի պատմական օր։
Այսօր Նախիջեւանում ոչ մի հայ չկա։ Կա վտանգ, որ Ղարաբաղում էլ չի լինի, թեպետ քիչ եմ հավատում այդ օրվան, որովհետեւ նախորդ 100 տարում ղարաբաղցիները մնացին Հայաստանի Հանրապետության հետ չունենալով ընդհանուր սահման։ Իսկ Նախիջեւանը զուտ ադրբեջանականանալով որեւէ սահման չուներ Ադրբեջանի հետ։ Հետեւաբար հաղթանակը կարող է իմաստավորվել ոչ թե գրավելով, այլ մնալով ու շատանալով։
Եթե Ադրբեջանը պետք է հայերին այնտեղից հանի ցանկացած գնով, եւ որ խաղաղության պայմանագիրը նրան հենց դրա համար է պետք, ինչ արած, կնշանակի մենք վճարում ենք մեր Մեծ պարտության ամենագլխավոր գինը։
Մայիսի 9-ը՝ որպես գոյություն «չունեցող» օր, մեզ պետք է հիշեցնի եւս մեկ բան։ Այն, թե ինչ էնտուզիազմով ենք մենք փախչում հենց Հայաստանից։ Մայիսի 9-ը սպառնում է ամեն օր ավելի ու ավելի հեռանալ մեր պատմությունից։ Հարյուր տարի հետո մենք չենք գտնի մեկին, որին կկարողանանք բացատրել, թե այդ օրն ինչ ընդհանուր բան ունի Հայաստանի Հանրապետության հետ։
Օրը կա, մինչդեռ նրա խորհուրդը հեռանում է մեզնից։ Մենք չկարողացանք փրկել Լեռնային Ղարաբաղը, որովհետեւ մեր ցանկացած հաղթանակ վերջինն է, մենք դրանով փակում ենք պատմության էջը, մինչդեռ հաղթանակները միայն բացում են այն, ինչպես այսօր Ադրբեջանի պատմության էջն են բացում։
Մենք պետք է փրկենք Մայիսի 9-ը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: