Այս նյութում ներկայացված մտքերը նախ գրվել են ձեռագիր, հետո արտատպվել համակարգչային ֆայլում։ Կմտածեք՝ ինչո՞ւ ձեռագիր, այստեղ արտահայտված մտքերից ի՞նչն է այդքան յուրահատուկ, որ հնարավոր չէր լինի միանգամից գրել ստեղնաշարով։
Ձեռագիր, քանի որ դա միակ միջոցն էր տեքստից չշեղվելու եւ չտարվելու այլ բաներով, օրինակ՝ ֆեյսբուքյան messanger-ի ձայնով կամ անընդհատ հայտնվող մեկնաբանությունների մասին ազդարարող ծանուցումներով։
Երեւույթը, որը նկարագրում եմ այս նյութում, ժամանակակից խոսակցական լեզվում ի հայտ եկած նոր բառ է՝ «commentversation», ինչը ենթադրում է մի գործընթաց, երբ մեկից ավելի մարդիկ վարում են զրույց սոցիալական որեւէ հարթակում եւ քննարկում որեւէ իրադարձություն, երեւույթ, նորություն կամ ուղղակի մեկնաբանություններ գրում որեւէ մեկի նկարին։
«Commentversation»-ն իմ շրջապատում հաճախ օգատգործվող բառերից չէ, եւ այս տերմինը, հավանաբար, այդպես էլ չբացահայտեի, եթե չփորփրեի համացանցը «քոմենթ գրող մարդու» ֆենոմենը հասկանալու համար։
Վերջին ժամանակներում Ֆեյսբուք սոցիալական հարթակն օգտագործում եմ միայն աշխատանքային նպատակներով, իսկ հեռախոսից հեռացրել եմ հավելվածը, որ խնայեմ ժամանակս եւ նյարդերս։ Ընկերների ցանկը զտել, մաքրել կամ նրանց հեռացնելը լավագույն լուծումը չէ, քանի որ ապատեղեկատվություն տարածողները միայն ընկերներից ոմանք չեն, այլ նաեւ հայկական մեդիա դաշտում ամեն օր բուսնող կայքերը կամ պատվիրված սոցիալական էջերը, որոնք չեն խնայում ռեսուրսը կեղծ լուրեր կամ բացասական տեղեկություններ տարածելու համար։
«Քոմենթ գրող մարդու» ֆենոմենը հասկանալն իհարկե հեշտ գործ չէ, բայց այդ երեւույթի բացահայտման ճանապարհին ի հայտ եկած այս տերմինը բացատրելն ու ձեզ ներկայացնելն այս պահին ավելի հետաքրքիր թվաց։
Վերջերս աչքովս ընկավ մի նյութ, որը տեղադրվել էր ինտերնետային կայքերից մեկի ֆեյսբուքյան էջում։ Նյութը մեկ ժամվա ընթացքում հավաքել էր մոտ երկու հարյուր Like եւ բազմաթիվ մեկնաբանություններ։ Այս ցուցանիշն ինձ շատ տարօրինակ թվաց (էջը նոր է եւ դեռեւս չունի այդ ցուցանիշին համապատասխան հետեւորդներ)։ Որոշեցի հետեւել այդ նորության մեկնաբանություններին, որոնք ամեն րոպե ավելանում էին։ Միայն մեկ կամ երկուսից կարելի էր ենթադրել, որ մեկնաբանողները կարդացել են նյութը, հասկացել եւ փորձում են բանավիճել կամ չհամաձայնել հեղինակի հետ։
Մարդիկ չէին քննարկում հոդվածագրի մտքերը կամ տեսակետները, մի մասը գրում էր մեկնաբանություններ, որոնք բացարձակ կապ չունեին նյութի հետ, ոմանք էլ պարզապես՝ հայհոյանքներ։
Հետաքրքրությունից դրդված՝ խնդրեցի կայքի ադմինիստրատոր ընկերներիցս մեկին նայել՝ որքան դիտում է հավաքել տվյալ նյութը կայքում։ Ընդամենը 28 դիտում, այսինքն՝ մեկնաբանողներից ու լայքողներից միայն 28-ն էր սեղմել հղումը եւ կարդացել նյութն ամբողջությամբ։ Այդ դեպքում ի՞նչ էին գրում մարդիկ, ինչի՞ հիման վրա էին ձեւավորում իրենց մեկնաբանությունը։
Իրականում չզարմացա, այլ եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեդիայում եւ սոցիալական հարթակներում մեկնաբանություն գրող մարդիկ գրեթե երբեք չեն քննարկում հոդվածը, ֆիլմը, հետազոտությունը կամ այն նյութը, որը կարդալու եւ հասկանալու համար առնվազն քսան րոպե, առավելագույնը մի քանի ժամ է հարկավոր։ Դրա փոխարեն ավելի հեշտ է կարդալ նյութի վերնագիրը, տեսնել նյութն ուղեկցող նկարը եւ, այդ երկուսն իրար գումարելով, նյութի բովանդակության հետ կապ չունեցող որեւէ մեկնաբանություն տպել։
Մարդը մեկնաբանություն գրելիս, ինչպես ցանկացած այլ գործողություն կատարելիս, սպառում է էներգիա։ Էներգիա՝ նյութը կարդալու, էներգիա՝ մտածելու, միտքը ձեւակերպելու, ձեւակերպածը տեքստի վերածելու եւ այդ տեքստը հրապարակային դարձնելու համար։ Վերջինի ժամանակ, թերեւս ամենաքիչը, քանի որ դա արվում է ակնթարթային եւ հաճախ առանց մտածելու։
Այս հինգ գործողությունները կատարելիս մարդը սպառում է այդ օրվա համար նախատեսված իր էներգիայի պաշարից հինգ միավոր, իսկ եթե նա ներքաշվում է երկար «commentversation»-ի մեջ, հինգը դառնում է տասը, հետո՝ տասնհինգ, հետո՝ քսան՝ կախված մեկնաբանությունների թվից, եւ այդ բոլորը բազմապատկվում է։
Հիմա պատկերացնենք, որ մարդուն օրվա ընթացքում տրված է 100 միավոր էներգիա սոցիալական հարթակներում ծախսելու համար, մեկ-երկու «commentversation» վարելուց հետո նա ուղղակի պետք է ուժասպառ ընկնի բազմոցին եւ այլեւս ցանկություն չունենա նույնիսկ շարժվելու։
Բայց հայկական մեդիա դաշտը խորությամբ ուսումնասիրել պետք չէ հասկանալու համար, որ «քոմենթ գրող մարդու» էներգիան անսպառ է, ինչպե՞ս է նա լիցքավորվում եւ որտեղի՞ց է ստանում հավելյալ էներգիա, իսկ միգուցե մեկ մեկնաբանություն գրելու համար նախատեսված հինգ միավոր էներգիայից սպառում է միայն երկու միավոր՝ տպում է եւ հրապարակում առանց կարդալու, մտածելու եւ իհարկե, ամենակարեւորը, միտք ստեղծելու։
Նանե Պասկեւիչյան