Ճապոնիան տարածել է ռուսաստանյան այն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Ցուցակում են 70 ընկերություն եւ 130 ռուսաստանցի քաղաքական գործիչ՝ ներառյալ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաեւ ձեռնարկատերեր եւ նրանց ընտանիքի անդամները:
Պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության նկատմամբ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք, ըստ պաշտոնական Տոկիոյի, առնչություն ունեն ռազմական արտադրության հետ: Մասնավորապես, արտահանման սահմանափակումները կվերաբերեն «Էտալոն» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին, «Ալմազ-Աթեյ», «Տակտիկական հրթիռային սպառազինություն», «Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ» ընկերություններին:
Պատժամիջոցներ «Սբերբանկ»-ի եւ «Գազպրոմբանկ»-ի ներկայացուցիչների նկատմամբ
Ավելի վաղ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ կիրառել ռուսական «Սբերբանկ»-ի ղեկավարության ութ ներկայացուցիչների եւ «Գազպրոմբանկ»-ի եւս 27 ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաեւ սահմանափակումներ կիրառել Մոսկվայի արդյունաբերական բանկի եւ նրա տասը դուստր ձեռնարկությունների նկատմամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սբերբանկ»-ը ռուսաստանյան տնտեսության համար եզակի նշանակություն ունեցող, Ռուսաստանում բոլոր բանկային ակտիվների մոտ մեկ երրորդը ներառող խոշորագույն ֆինանսական հաստատությունն է:
«Գազպրոմբանկի նկատմամբ չենք կիրառում այնպիսի պատժամիջոցներ, ինչպես դա արեցինք «Սբերբանկ»-ի, ՎՏԲ-ի կամ որեւէ այլ խոշոր ռուսական բանկի դեպքում: Արգելում ենք «Գազպրոմբանկ»-ի հետ ցանկացած գործարք»,- ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Եվս 40 ռուսաստանցի
Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է եւս 40 ռուսաստանցու, այդ թվում՝ գործարարների եւ զինվորականների։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը, ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։