Մասնագիտությամբ հրուշակագործ Ստեփան Դանիելյանը «Ստեփան Դանիելյան» ԱՁ-ի տնօրենն է։ Սկզբում աշխատել է Ջերմուկի մշակույթի պալատում, իսկ անկախությունից հետո տարբեր գործեր է ձեռնարկել։ 2018 թվականին հիմնել է կաթի վերամշակման «Կեչուտ» կաթնամթերքի արտադրամասը՝ շարունակելով հին ավանդույթները․ «Մեր տարածքում եղել է 5 տոննա կաթ մշակող գործարան, սովետական գործարան՝ 1800 գլուխ անասունով։ Երկիրը քանդվեց, անասունը բաժանեցին ժողովրդին, գործարանը ինքնըստինքյան վերացավ։ Տարիներով կաթ մշակող հայտնի գործարանները մայիս-հունիսի սեզոնի լավ կաթը տանում էին, մնացածը թողնում, գնորդ չկար։ «Կեչուտ»-ը հիմնեցի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Չեմպիոն» ծրագրով։ Լավ ծրագիր էր, բայց էն էլ քանդվեց»։
Ստեփան Դանիելյանը 2018 թվականին 5 տոկոս սուբսիդիայով (վարկն իրականում 17 տոկոս է, 12 տոկոսը փոխհատուցում է պետությունը) վարկ է վերցրել, սարքել կաթի վերամշակման արտադրամաս։ Այս տարի տեսնում է նախորդ՝ անբարենպաստ տարվա հետեւանքները։ Երաշտի պատճառով շատերը կորցրել են իրենց անասունները, եւ արտադրողը կանգնած է փաստի առաջ՝ «էսօր կաթ չկա»։
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն այցելել են համայնք, տարբեր լուծումներ են առաջարկել, գյուղացիներն առարկել են․ «Էդ բանկերի տեղը մենք գիտենք, ցույց մի՛ տվեք, նո՛ր մոդել առաջարկեք»։
Ստեփան Դանիելյանը կարծում է, որ գործարար մարդու կարծիքը հաշվի չեն առնում․ «Կառավարությունը սխալ ուղիով է գնում, նպաստառուներին միլիոններ են տալիս կով առնելու համար, նպատակին չի հասնում։ Մարդն էդ փողով մի կով է առնում, մնացած փողին դիվան է առնում, հանգիստ պառկում, քանի որ փողն օգտագործելու կրթություն չունի։ Իսկ եթե էդ միլիոնները չփոշիացնեն, համայնքում 40-50 միլիոնի ներդրում անեն, արտադրություն հիմնեն, նպաստառուն էլ կաշխատի»։
Պատասխանատուները գալիս-գնում են, առերեւույթ անտարբեր չեն, սակայն, արտադրության տնօրենի կարծիքով, «ընդհանուր խնդիրն էն ա, որ հետեւողական չեն»։
Արտադրամասի նորմալ գործարկման համար նոր անասնագոմ պիտի կառուցվի, սակայն տնտեսվարողը 12 միլիոնի վարկ ունի, իսկ թանկ արժեցող խելացի անասնագոմի համար գրավի առարկա չունի։
«Խելացի գոմ սարքելու ծրագիրը թոզ փչելու նոր ձեւ է։ Գոմի խելացին ո՞րն է։ Իրենց առաջարկած 30 միլիոնի տեղը 10 միլիոնով կսարքեմ, ե՛ւ կառավարությունը փող չի վատնի, ե՛ւ գրավս կբավականացնի»,- առաջարկում-դժգոհում է Ստեփան Դանիելյանը։
Կաթի արտադրամասը դատարկ է
Գործարարն անցյալ տարվա երաշտի պատճառով 7 անասուն է կորցրել, այս տարի բարձր կաթնատվությամբ Հոլնշտերն, Շվիթ տեսակի տոհմային անասուններ է գնել։
«Մեր համայնքում գլխաքանակի լուրջ անկում կա, կաթի արտադրամասն էսօրվա դրությամբ դատարկ է։ Պանրի պակաս կա, որովհետեւ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ 20 տոննա պակաս կաթ ենք մթերել։ Մեր արտադրանքը 100 տոկոսով անարատ է, Երեւանում չի վաճառվում, քանի որ հազիվ Ջերմուկին ու հանգստյան տներին է հերիքում։ Անասնաբույժ չունենք էս կողմերում, ոնց որ Վազգեն Սարգսյան [ռազմական ինստիտուտ] դիմորդ չկա, նենց էլ զոովետ, մեր սերնդից սկսած դիմորդ չկա»,- ասում է Դանիելյանը։
Օրերս էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւս խոսել է անասնաբույժի մասնագիտության գրավիչ չլինելու մասին։ Նոր-նոր մշակվում է օրենքի փոփոխության նախագիծ, որով յուրաքանչյուր անասնաբույժ պետք է գործունեություն ծավալելու լիցենզիա ունենա։
Գայանե Մկրտչյան