Ըստ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր եւ Նախիջեւանի Քյարքի (Հայաստանի Տիգրանաշեն) գյուղը Ադրբեջանի տարածքն են, եւ Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, թե իշխանությունները մտադիր են հանձնելու անկլավները։ Ի պատասխան պատգամավորի պնդման՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե քանի որ երկու կողմից էլ անկլավ կա, Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, եւ Հայաստանի տարածքում կան անկլավներ, եւ նրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռեւս չի քննարկվել:
«Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին»,- մայիսի 5-ին նշել էր Գրիգորյանը:
44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ օրակարգում է հայտնվել կողմերի միջեւ անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում 7 անկլավային գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։
Ադրբեջանական հայտարարությունները մեզ համար բացարձակ անընդունելի են. նախկին ՄԻՊ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Նա ընդգծել է, որ դրանք պատմական հայկական հողեր են՝ հավելելով, որ ադրբեջանական հայտարարությունները Հայաստանի համար բացարձակ անընդունելի են:
Թաթոյանը շեշտել է, որ այդ գյուղերի վերադարձի հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու են մեր ամբողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջեւ, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ եւ այլն:
«Անկլավային տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետեւանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տեւական ժամանակ զարգացնում էին նաեւ Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ: Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձեւակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից»,- գրել է նա:
Ադրբեջանական կողմի հայտարարությանը ՀՀ իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ դեռ չի արձագանքել: