Հայաստանի ձյուդոիստները երկու մեդալ են նվաճել Սարաեւոյում՝ Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությունում։
73 կգ քաշային մարզիկ Արսեն Ավետիսյանը, հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, եզրափակիչում պարտվել է հունգարացի Բոտոնտ Տոտին եւ արժանացել արծաթե մեդալի։ Սա մեր մարզիկի առաջին միջազգային մրցանակն է։
Նույն քաշային կարգում հանդես եկած Մերուժան Սարգսյանը քառորդ եզրափակիչում զիջել է գերմանացի Յերիկ Շրիվերին։
66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը դարձել է 3-րդ մրցանակակիր: Առաջին մարտում պարտվելով բրիտանացի Չառլի Յունգին՝ Ղալաչյանն այնուհանդերձ իրավունք է ստացել մասնակցելու սփոփիչ մրցաշարին։ Այստեղ մեր ձյուդոիստը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ նվաճել է բրոնզե մեդալ։
Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցել է 27 երկրի 237 ձյուդոիստ։ Թիմային հաշվարկով Հայաստանը 13-րդ տեղում է։
Բուխարեստում՝ Եվրոպայի պատանեկան մրցաշարում, հայաստանցի Գոռ Կարապետյանը (81 կգ) դարձել է 2-րդ, իսկ Վահե Աղասյանը (55 կգ)` 3-րդ մրցանակակիր: