Իսլամի հայտնի քարոզիչ էրդողանամետ հայացքների տեր թուրք Ահմեթ Մահմութ Ունլուն կոչ է արել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին քվեարկած անձանց զրկելու Թուրքիայի քաղաքացիությունից: Հրապարակված տեսանյութում «Ահմեթ հոջա» անունով հայտնի հիշյալ կրոնական գործիչը խոսել է քրդամետ կուսակցությունն «արմատախիլ» անելու անհրաժեշտության մասին:
Առաջ քաշելով թուրքական իշխանությունների պնդումները՝ նա քրդամետ կուսակցությանը մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ համագործակցելու համար:
«Եթե մենք նրանց չզրկենք քաղաքացիությունից, երկրի մասնատումն անդառնալի կլինի»,- ընդգծել է իսլամի հայտնի քարոզիչը:
42.5%-ը կքվեարկի՝ ընդդիմադիր, 35.2%-ը՝ իշխող դաշինքի օգտին
Թուրքական սոցիոլոգիական ORC ընկերության՝ մայիսի 5-8-ը 5000 հոգու շրջանում անցկացված վերջին սոցհարցումն ուշագրավ արդյունքներ է արձանագրել: 28%-ով շարունակում է առաջատար մնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 24%:
Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ համեմատվում են այս երկու ուժերի կազմած դաշինքների վարկանիշները: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 7.2%-ը, իսկ ԺՀԿ-ի խորհրդարանական դաշնակից ազգայնական «Լավ» կուսակցությանը վստահության քվե կտա հարցվածների 18.4%-ը: Այսպիսով՝ իշխանական ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքի ձայները եղել են ընդհանուր 35.2%, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու «Լավ» կուսակցության կազմած «Ազգ» դաշինքի ձայները՝ 42.5%:
Հարցումներից ակնհայտ է դարձել, որ նվազել է նաեւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վարկանիշը՝ 8.7%:
Ըստ «ermenihaber» կայքի՝ սոցհարցումը կատարած ORC ընկերության՝ Թուրքիայում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ կատարած հարցումների տվյալները ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին: