ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով ՀՀ-ում ընդդիմադիրների բողոքի չդադարող ցույցերին առնչվող հարցին, հայտարարել է, որ լիովին աջակցելով հանդերձ ազատ կամարտահայտման եւ խաղաղ հավաքների հիմնարար իրավունքը՝ Միացյալ Նահանգները միաժամանակ կոչ է անում ցուցարարներին իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ձեւով եւ զերծ մնալ բռնությունից։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների արձագանքին՝ Նեդ Փրայսը հորդորել է զսպվածություն դրսեւորել: Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը երկու կողմին հորդորել է հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը:
Պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է նախորդ շաբաթ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած ռազմավարական երկխոսության մասին: Նա հավելել է, որ այդ քննարկումներում կողմերը վերահաստատել են փոխադարձ հավատարմությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ Միացյալ Նահանգների աջակցությունը: