Եթե խոսում ենք վերջին [Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման] գործընթացի մասին, դրա մեկնարկի հարցում ամենակարեւոր դերն, իհարկե, Ղարաբաղի պատերազմն է խաղացել։
Գիտենք, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները սկսվել են 1990-ականների սկզբին՝ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո։ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց հենց այդ ժամանակահատվածում Ղարաբաղի պատերազմը սկսվեց, դրանից հետո Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները խզեց, սահմանները չբացվեցին։ Այս էջն այսպիսով փակվեց։
Հետո 2007-2009 թվականների գործընթացը եղավ։ Գործընթաց, որի արդյունքում 2009 թվականին ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները։ Այնտեղ եւս, շատ չմանրամասնելով, ցանկանում եմ նշել, որ գործընթացի ձախողման պատճառն, իհարկե, ուներ ե՛ւ միջազգային, ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ Ադրբեջանից բխող կողմեր։ Այսինքն` առանց Ղարաբաղի հարցի լուծման, թվում էր, գործընթացը չէր հաջողելու։ Բայց այն ժամանակվա որոշում կայացնողները երեւի սրան այնքան էլ կարեւորություն չտվեցին։ Հետեւաբար, քանի որ Ղարաբաղի փակագծերը չէին փակվել, գործընթացն անարդյունք ավարտվեց։
Այժմ հասանք մեր օրեր։ Հիմա գործընթացի ամենամեծ խթանը, մոտիվացիան Ղարաբաղի պատերազմն ու օկուպացիայի ավարտն են։ Կարեւոր է նաեւ միջազգային կոնյունկտուրան։ Այսինքն, բացի երկրների սեփական նախաձեռնությունից, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ ավելի լայն տարածաշրջանում տիրող կոնյունկտուրան այս գործընթացի համար սկսեց ավելի նպաստավոր դառնալ։
Այն նպաստավոր է ոչ միայն Հայաստան-Թուրքիա կարգավորման, այլ նաեւ վերջին 3-5 տարիներին հակամարտող կամ վատ հարաբերություններ ունեցող մի շարք այլ պետությունների համար։ Այժմ այդ հարաբերությունները եւս դանդաղորեն կարգավորվում են։ Այժմ նոր մի փուլում ենք։ Իմ դիտարկմամբ, հայտարարվելուց մինչ օրս զարգացումները դրական են։ Գուցե, Երեւան-Ստամբուլ թռիչքների վերսկսումից, չվերթերի քանակի ավելացումից բացի, հստակ այլ արդյունքներ դեռեւս չկան, բայց այն, որ գործընթացը մեկնարկել է, ինձ համար արդեն կարեւոր է։
Ի վերջո, միմյանց հետ մի շարք խնդիրներ ունեցող երկու պետություն են։ Յուրաքանչյուրն իր դիտանկյունից է սա գնահատում։ Բայց երկխոսության գործընթացի սկիզբն արդեն իսկ կարեւոր է։ Առնվազն խոսելն է կարեւոր։ Որովհետեւ առանց խոսելու ոչ մի խնդիր կամ գուցե առկա բոլոր խնդիրները չկարողանանք լուծել։
Որոշ մեկնաբանություններ են հնչում, որոնց համամիտ եմ։ Ասում են՝ սա ոչ թե համաձայնության, այլ երկխոսության գործընթաց է։ Գուցե մի շարք հարցերում կողմերը համաձայնության չգան, բայց խոսելու են։ Իհարկե, կան ե՛ւ բարդ, ե՛ւ ավելի հեշտ լուծում ունեցող խնդիրներ։ Այս անգամ տեսնում ենք, որ բարդ խնդիրներն օրակարգում այնքան էլ չեն ներառվում, եւ եթե անգամ քննարկվելու են, ապա օրակարգի ամենավերջին տեղերում են: Կարծում եմ՝ այս պահին քննարկվում են հարցեր, որոնք ավելի հեշտ լուծում են պահանջում, հասարակությունների համար ավելի ընդունելի կարող են լինել, միջազգային հանրության աջակցությունն ավելի հեշտ կարող են ստանալ։
Նախորդ անգամվա, մասնավորապես 2007-2009 թվականների գործընթացի նման նշաձողը շատ բարձր չպետք է դնել։ Այսինքն` երկու կողմն էլ չպետք է շատ մեծ ակնկալիքներ ունենան։ Դա երկու կողմն էլ գիտի, դիվանագետները եւս գիտեն։ Այժմ ընթանում է ավելի փակ, լուռ գործընթաց՝ առանց հասարակությունների դրական կամ բացասական արձագանքները շատ փորփրելու, առանց դրանց շատ դիպչելու։
Հիմա Թուրքիա-Հայաստան, Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ժամանակ առ ժամանակ հատվում են, բայց նաեւ ժամանակ առ ժամանակ իրարից անկախ հարաբերություններ են։ Որովհետեւ նշված բոլոր երկրները ինքնիշխան պետություններ են, իրենց հասարակություններն ունեն, սեփական կամքն ունեն, մեկը մյուսի հետ հանդիպում են, բայց եռյակի ինչ-որ վիճակ եւս կա։
Կարգավորման ամենամեծ խոչընդոտը Ղարաբաղի հարցն էր։ Ղարաբաղի հարցը հիմնական մասով լուծվեց։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի ուղերձներն ավելի մեղմ են։ Թուրքիան այս գործընթացը նախաձեռնելու կամք է դրսեւորել, իսկ Հայաստանը դրական է արձագանքել։ Եթե ավելի լայն առումով դիտարկենք, այդ պատճառով էր նաեւ, որ Ռուսաստանն այս գործընթացին չակերտավոր աջակցություն ցուցաբերեց։