Երեկ ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը։ Նա դա ասել է ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ի գիտություն։ Այսինքն` Փաշինյանի հետ գործ ունենալիս հիշեք, որ նա հայ ժողովրդին չի ներկայացնում։
Գուցե։ Բայց մի քանի խնդիր կա։
Օտարերկրյա ներկայացուցիչները տասնյակ տարիներ աշխատել են իշխանությունների հետ, որոնք ամբողջ կազմով չեն ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին՝ ո՛չ գործադիր իշխանությունը, ո՛չ օրենսդիր իշխանությունը, ո՛չ էլ դատական իշխանությունը։ Աշխատել են ու ախ էլ չեն քաշել։ Ավելին` աշխատանքի ընթացքում հիշեցրել են, որ նրանց հայ ժողովուրդը չի ընտրել, նրանք անընդհատ ընտրություն են կեղծել՝ թե՛ ԱԺ-ի, թե՛ նախագահի եւ թե՛ ՏԻՄ-ի։
Հետեւաբար եթե Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը, դա պետք է ապացուցի իր պայքարով։ Իսկ պայքարը, թող թույլ տրվի ասել, տեղում դոփում է։ Տեղում դոփում է ոչ այն պատճառով, որ Իշխան Սաղաթելյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, լավ էլ ներկայացնում է, նա խորհրդարանի անդամ է` միանգամայն լեգիտիմ ընտրված, այլ այն պատճառով, որ հայ ժողովուրդն այլեւս չի ուզում հետ նայել։
Երկրորդ խնդիրն այն է, որ Իշխան Սաղաթելյանը շատ է ուշացել այդպես ասելու համար կամ շատ է շտապում։ Ուշացել է, որովհետեւ դեռ մեկ տարի էլ չի անցել խորհրդարանի ընտրություններից, որտեղ Փաշինյանը եւ նրա թիմը առանց որեւէ կեղծիքի վերցրին մեծամասնությունը, եւ շտապում է, որովհետեւ հաջորդ ընտրություններին դեռ 4 տարի կա։
Մի պատճառ էլ՝ ո՞րն է այն բարոմետրը, որով Փաշինյանն այլեւս չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին, իսկ Իշխան Սաղաթելյանը եւ դիմադրության շարժման մյուս անդամները ներկայացնում են։
Արցա՞խն է այդ բարոմետրը։ Հարցն էլ հենց դա է, որ Արցախը չէ։ Որովհետեւ Արցախն այս օրին է հասել կոլեկտիվ ուժերով՝ նախկինները բացարձակապես ոչինչ չեն արել Արցախը եւ հայկական բանակն ուժեղացնելու համար, բանակցություններն օգտագործել են իշխանությունը պահելու նպատակով, իսկ Փաշինյանը ժողովրդին է խաբել` ասելով, որ մենք կարող ենք դիմակայել Ադրբեջանի դեմ պատերազմին։ Այսինքն` գործ ունենք պարզ երեխայության հետ։ Երեխա, որը սեփական հնարավորությունները չգիտի։
Հետեւաբար Իշխան Սաղաթելյանը պետք է ուրիշ պատճառ գտնի, որով կապացուցի, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին։ Նա, ուրախ ենք սրա համար, թե ոչ, ներկայացնում է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը, ներկայացնում է հիմնովին եւ առայժմ որեւէ պատճառ չունի չներկայացնելու, քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հակառակը չի պնդել։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: