ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները շարունակվում են: Նա մեկնաբանել է նաեւ ԱՄՆ իշխանությունների վերջին հայտարարությունները, ըստ որոնց` Վաշինգտոնն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում չի տեսնում կենսունակ բանակցային ճանապարհ։
«Հայտարարությունները հատվածական են եւ իրար հակասող»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան միաժամանակ ծայրահեղական է որակել Լիտվայի սեյմի՝ Ռուսաստանը որպես ահաբեկչությանն աջակցող եւ դա իրականացնող պետություն ճանաչելու որոշումը:
«Եթե Լիտվան իսկապես մտահոգված լիներ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ եվրոպական մայրցամաքի ճակատագրով, պետք է նպաստեր Կիեւի ռեժիմի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Լիտվայի որոշմանը պետք է վերաբերվել որպես սադրանքի։