Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին:
Նախարարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի այս նիստի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ըստ մասնագետների գնահատման, ամենաբովանդակալից եւ համապարփակ փաստաթղթերից է, որում ներկայացված են բոլոր ոլորտները:
Մեհրաբիանը հավելել է, որ ներկայում Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին:
«Քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերությունների առավել զարգացման մասին մտածենք: Մոտ ապագայում ականատեսը կլինենք երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացման»,- ընդգծել է նախարարը: