Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեն, ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հարցին, վստահեցրել է, որ Նիդերլանդները կշարունակի պայքարել, որ հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք:
Նիդերլանդների վարչապետն ընդգծել է, որ 2020-ի աղետալի պատերազմը հստակեցրեց վերջնական խաղաղություն հաստատելու կարեւորությունը: «Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ»,- ասել է նա՝ շեշտելով, որ դրանք շատ դժվար զրույցներ են:
Մարկ Ռութեն ընդգծել է նաեւ, որ տեւական խաղաղությունն իրագործելի է, եւ Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տեւական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել: Նա նշել է, որ Ուկրաինայի պատերազմը եւս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի երեք համանախագահների վրա:
Նիդերլանդների վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում ԵՄ ակտիվության, ԵԽ նախագահ Շառել Միշելի դերակատարության թեմային: Ռութեն բռնությանը վերջ տալու, լարվածությունը թուլացնելու եւ հակամարտությունը խաղաղության սեղանի շուրջ լուծելու կոչ է արել:
«Նիդերլանդները եւ Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով մեր երկրների միջեւ տարածությունը փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք»,- ասել է Նիդերլանդների վարչապետը: