Հոկտեմբերի 20-ին՝ մոր ծննդյան օրը, Արթուրը նրա համար անակնկալ էր պատրաստել՝ ընկերոջ միջոցով տորթ եւ վարդերի մի մեծ փունջ էր ուղարկել։ Երբ զանգել է, Եթերին չի կարողացել զսպել արցունքները: Արթուրն ասել է․ «Մա՛մ, քեզ ուրախացնելու համար եմ ուղարկել, ինչո՞ւ ես լացում»։ Մայրը ժպտացել է, շնորհակալություն հայտնել որդուն, բայց տագնապն ու անհանգստությունը չեն լքել նրան։ Նրան թվացել է, թե որդին իրեն հրաժեշտի նվեր է ուղարկել եւ այդպես է «մնաս բարով» ասում։ Կանխազգացումը սխալ չէր. օրեր անց Արթուրը զոհվեց։
«Բացառիկ խելքի, ունակությունների եւ մտքի տեր էր»,- ասում է Արթուրի մայրը՝ Եթերի Կարապետյանը,- մանկուց շատ աշխույժ էր, շատ խելացի եւ կշռադատված, սուր միտք եւ արագ կողմնորոշվելու ունակություն ուներ»։
Տղան դեռ մանկուց մաթեմատիկական ունակություններ ուներ, բացի այդ՝ շատ ինքնուրույն ու հասուն էր։ Երեք տարեկանից կարողանում էր խանութում առեւտուր անել, հինգ տարեկանում արդեն բազմապատկման աղյուսակը գիտեր։
«Ինքնաբուխ էր, ամեն ինչ շատ արագ էր նրա մոտ, 4 կգ եւ 100 գրամ էր ծնվել, ամեն ամիս 2 կգ ավելանում էր։ Այնպիսի արագությամբ էր մեծանում, որ ինձ թվում էր՝ երկու ամսականում արդեն բորշչ էր ուտելու»,- կատակում է մայրը։
Քաղցրակեր էր։ Մայրը պատմում է՝ ֆիլմ դիտելու ընթացքում կարող էր 2 կգ շոկոլադ ուտել: «Եթե հիմա այստեղ լիներ, այս թխվածքից ոչինչ չէր մնա»,- տխուր ժպիտով ասում է Եթերին։
«Աչքից ոչինչ չէր վրիպում, մարդկանց էլ բաց գրքի պես կարդում էր։ Ատում էր կեղծավորությունն ու անարդարությունը»,- ասում է Ալլան՝ Արթուրի մորաքույրը։
Ալլան հիշում է՝ զարմիկը շատ աշխույժ էր, բացի այդ՝ իրական առաջնորդ էր, միշտ ուշադրության կենտրոնում էր, ցանկացած միջոցառման ու հավաքի հոգին ու ուրախությունն էր։ Արթուրի կատակներն էլ անմոռանալի էին։
Արթուրը վեցերորդ դասարանի աշակերտ էր, երբ հայրը մահացավ։ Նա էր մորը օգնում խնամելու անկողնուն գամված պապին։ Լողացնում էր, կերակրում նրան, չէր թողնում, որ մայրը շատ չարչարվի, ամեն հարցում օգնում էր։
Պապի խնամքը շատ ժամանակ էր պահանջում Արթուրից, պարապմունքներին ու կրթությանը քիչ ժամանակ էր մնում, եւ ընդունելության քննություններին չկարողացավ հավաքել անհրաժեշտ միավորները՝ իր նախընտրելի համալսարան ընդունվելու համար։ Ընդունվեց ագրարային համալսարանի անասնաբուժության բաժինը։ Նպատակ ուներ Անգլիա մեկնելու եւ այնտեղ սովորելու կենդանիների նոր տեսակներ բուծել։ Նույնիսկ բանակում սկսել էր անգլերեն սովորել։ Երազում էր՝ հաջողության հասնելուց եւ բավարար գումար խնայելուց հետո կվերադառնա Հայաստան՝ նոր զենք ստեղծելու։ Ասում էր՝ այնպիսի զենք պիտի ստեղծի, որ աշխարհում Միկոյանի անվան կողքին հայտնվի Միրզոյանը։
«Հավատում եմ, չէ՛, համոզված եմ, որ կաներ, շատ նպատակասլաց էր»,- ասում է Ալլան։
Արթուրը տեղափոխվել էր Երեւան՝ սովորելու, իսկ նրա ավագ եղբայրը՝ Արտավազդը, «Վազգեն Սարգսյան» ռազմական համալսարանն ավարտելուց հետո որպես սպա ծառայության էր անցել Հադրութում։ Մենակ չմնալու համար Եթերին հետեւել էր որդուն եւ բնակություն հաստատել այնտեղ։
Արթուրը մեծ ոգեւորությամբ մեկնեց ծառայելու։ Գեղեցկադեմ էր ու բարձրահասակ, առաջարկել էին ծառայել Երեւանի պատվո պահակային վաշտում, բայց հրաժարվել էր․ «Ես Արցախում պետք է ծառայեմ»,- ասել էր։ Բոլորը զարմացած էին տղայի արարքով։
Մեկնեց Ջաբրայիլ, հետո տեղափոխվեց Ստեփանակերտի պատվո պահակային վաշտում ծառայելու։ Մեծ հարգանք էր վայելում զորամասում, բոլորը ճանաչում էին խիզախ եւ հումորով երիտասարդին։
«Ամեն ինչում առաջինն էր ու լավագույնը, Համահայկական խաղերի ժամանակ էլ ինքն է տարել դրոշը»,- հպարտանում է Ալլան։
Որոշ ժամանակ անց նրան տեղափոխեցին Մատաղիս՝ ծառայությունն այնտեղ շարունակելու։ Մի քանի ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը։
«Պատերազմական շրջանը կյանքիս ամենադաժան օրերն էին։ Երկու որդիներս էլ ռազմադաշտում էին. մեծս՝ որպես զինվորական սպա, Հադրութում էր, փոքրս ՝ Մատաղիսում․ երկուսն էլ թեժ կետեր էին։ Սարսափելի օրեր էին»,- հիշում է Եթերին։
Տղան պատերազմը համեմատում էր խաղերի հետ. ամեն ինչ նույնն էր, ուղղակի պարտվելու դեպքում խաղը սկսելու հնարավորություն այլեւս չունեիր։ Հոգեբանական ինչ վիճակում էլ լիներ, հումորն անպակաս էր։
«Երբ զանգում էր, ասում էի, որ երկար չխոսի, դե, թշնամին տեղը կարող էր որսալ, կատակում էր, թե ուրիշի մայրերը երանի են տալիս, որ որդիները զանգեն, իսկ ես չեմ ուզում հետը խոսեմ»,- ասում է մայրը։
Կռվի թեժ պահին, երբ նահանջի հրաման են տվել, 30 հոգանոց ջոկը մտել է անտառ առանց հրամանատարների։ Արթուրը ստանձնել է հրամանատարի դերը եւ իր խելքի ու տրամաբանության շնորհիվ կարողացել է կողմնորոշվել անտառում եւ ջոկին դուրս է հանել այնտեղից՝ փրկելով բոլորի կյանքը։ Ընտանիքը հպարտանում է՝ այդ հերոսությունից հետո Ջալալ Հարությունյանը Արթուրին լեյտենանտի կոչում է շնորհել։
Կատակներ է արել նույնիսկ կռվի ժամանակ․ մարտակիցներին ոգեւորելու համար ընկերոջն ասել է․ «Լսի, հանկարծ չմեռնե՛ս, 5000 դրամս, որ պարտք ես, դեռ հետ պիտի տաս»,- ժպիտով հիշում են քույրերը։
Հոկտեմբերի 26-ի առավոտյան զանգել է մորը, զրույցի ժամանակ մայրը շատ բարձր եւ մոտիկից եկող պայթյունի ձայն է լսել: «Մինչ այդ հաճախ էի ձայներ լսել, բայց ոչ այդքան մոտիկից եւ ոչ այդքան բարձր ու հզոր։ Արթուրն ասաց ՝ «Վայ, կախե՛, մամ», ու անջատեց»,- ասում է Եթերին։
Դրանք վերջին բառերն էին, որ մայրը լսել էր։ Մոտ մեկ ժամ սրտատրոփ նրա զանգին էր սպասել։ Հետո ավագ որդին է զանգել․ եղբայրն այլեւս չկար։
Նռնակներն իրենց վրայից հանում եւ մի անկյունում էին պահեստավորում. եթե մոտակայքում ԱԹՍ-ի հարված լիներ, պայթյունի ալիքից հնարավոր է դրանք ակտիվանային։ Դժբախտաբար, ԱԹՍ-ն հարվածել է հենց նռնակների ուղղությամբ։ Արթուրն իր մարմնով ծածկել է ընկերոջը՝ Շանթ Ամբարդյանին։ Շանթը կուրացել է, բայց ողջ է մնացել, իր կենդանության համար ընկերոջն է շնորհակալ։
«Ես բնույթով ուժեղ մարդ եմ, մտածում էի, որ ոչ մի ցավ չի կարող ծնկի բերել ինձ։ Բայց այն անդունդը, որ առաջացել է սրտումս Արթուրիս մահից հետո, այդ դատարկությունը ոչնչով հնարավոր չէ լցնել»,- արցունքն աչքերին՝ ասում է մայրը։
Տղայի շիրիմը հարազատ Աշոցքում է։ Իսկ Եթերին հիմա վարձով բնակվում է Երեւանում։ Եկել է քաղաք, որ չտեսնի որդու գերեզմանը, դեռ պատրաստ չէ դաժան իրականությունն ընդունելու։
Ավագ որդին՝ Արտավազդն էլ է հերոս, պատերազմի ժամանակ իրենց է այցելել այն տղայի ծնողը, որին փրկել էր Արտավազդը․ բունկերում փակված զինվորին կարողացել է հեռախոսով առաջնորդել՝ երկու քայլ աջ, հետո ծառ կտեսնես եւ այլն, ու հաշվարկով դուրս է հանել։ Այսպիսի դեպքեր շատ են եղել. Արտավազդը հետախույզ է, նա բազում կյանքեր է փրկել։
«Ուրիշներն են պատմել, իրենից ոչինչ չենք լսել, մեզ ոչինչ չէր պատմում։ Վերջերս էլի մեկին ճանապարհին հանդիպեցինք, ասաց, որ եթե Արտավազդը չլիներ, իր որդին տուն չէր հասնի»,- ասում է Եթերին։
Հադրութից եկած ընտանիքը որեւէ օժանդակություն դեռ չի ստացել: «Ասում են, որ Հադրութի գրանցում պետք է ունենանք, հաշվի չեն առնում, որ փաստացի այնտեղ ենք բնակվել, որ զոհված հերոս ունենք, կամ որ մյուս որդիս էլ զինվորական է»,- պատմում է Եթերին, բայց նման բաների վրա չի կարողանում կենտրոնանալ, իր ամենամեծ հարստությունը՝ Արթուրը, այլեւս իր կողքին չէ։