ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Մայիսի 12-ին ավելի վաղ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Դուշանբեում հանդիպել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Լավրովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք տեղափոխվել են որակապես նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակ: ՌԴ գլխավոր դիվանագետն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին, տնտեսական համագործակցությանը:
«Այսօր մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնելու մեր հայ գործընկերոջ հետ, տեսնելու, թե ինչպես են կատարվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք մեր երկրների ղեկավարներն ընդունել են վերջին 1,5 տարում»,- ասել է Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը:
Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, պետական այցով ժամանի Հայաստան: Այցի հստակ ժամկետը դեռ քննարկվում է:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։