Ըստ «Սպուտնիկ» գործակալության՝ Հայաստանի տարբեր մարզերից եկած պատերազմի մի շարք մասնակիցներ ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքել են, որ մարտական գործողություններին մասնակցելու փաստը որեւէ կերպ արձանագրված չէ, եւ շատերի զինգրքույկները չեն էլ վերադարձվել:
Հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 18-ը մարտական գործողություններին մասնակցած եւ տեսողության խնդիրներով վերադարձած Նոր Հաճնի բնակիչ Վահրամ Խաչատրյանն ասել է, որ պատերազմից երեք ամիս անց ոչ զինգրքույկը, ոչ էլ պատերազմի մասնակցելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ իրեն չեն տվել:
«Իմացել ենք, որ աշխատավարձի կարգով մեզ ինչ–որ գումար է հասնում, սակայն մինչ օրս դա էլ չենք ստացել»,– հավելել է Խաչատրյանը։
Բողոքի ցույցին մասնակցողներից մեկն էլ պատմել է, թե իր զինգրքույկը վերադարձրել են, սակայն դրանում նշված չէ, որ մասնակցել է պատերազմին։
«Մեկը մյուսի վրա են գցում ու ասում, որ իրենք պատասխանատու չեն»,–ասել է նա։
Ավելի ուշ ՊՆ ներկայացուցիչները հավաքվածներին հորդորել են դիմել կենտրոնական զինկոմիսարիատ: