Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոխվարչապետ աշխատող Համբարձում Մաթեւոսյանը, ինչպես երեւում է նրա պաշտոնական կենսագրությունից, իր «ոսկե ջահելությունն» անց է կացրել ԱՄՆ-ում՝ նախ սովորելով Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի համաշխարհային գիտությունների բաժնում, ապա՝ Սան Դիեգոյի պետական համալսարանում։
Հիմա մի անմեղ հարց տամ պարոն Մաթեւոսյանին.
— Հարգելի պարոն Մաթեւոսյան, եթե ԱՄՆ-ում մամուլը բացահայտի, որ կառավարության (ընդ որում, կարեւոր չէ, դաշնայի՞ն կառավարության, թե՞ նահանգային) որեւէ անդամ իր պաշտոնական կենսագրության մեջ էական փաստ է թաքցրել հանրությունից, ի՞նչ կանի դույն անդամը…
Չեմ լսում, պարոն, Մաթեւոսյան… Ի՞նչ… Չեմ լսում…
Հաաաա, հասկացա, թե ինչու չեք ուզում պատասխանել։ Եթե պատասխանեք, պիտի հայտարարեք, որ այդ պաշտոնյան նախ կպարզաբանի, թե ինչու է նման փաստը դուրս մնացել (դե ասենք, «սխալվել եմ», «մոռացել եմ», «տեխնիկական թերություն է» եւ այլն), ներողություն կխնդրի, ապա եւ, եթե բացատրությունը համոզիչ չլինի, հրաժարական կտա։
Իսկ ի՞նչ արեցիք դուք, պարոն Մաթեւոսյան, ավելի ճիշտ ձեր աշխատակազմը, երբ բացահայտվեց, որ ՀՀ ոստիկանությունը 2011 թվականին ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարած եղել՝ ձերբակալման որոշմամբ, սակայն հետո՝ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին հետախուզումը դադարեցրել է։
Ասեմ՝ ինչ արեցիք. այս մասին oragir.news կայքի հարցմանը դուք չպատասխանեցիք, իսկ կայքը ստացավ պատասխան կառավարությունից։ Մեջբերում եմ. «Ի պատասխան Ձեր՝ 2022 թվականի մայիսի 6-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն է համարվում տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը: Վերոնշյալից ելնելով՝ հայտնում եմ, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անունով ստացված հարցման պատասխանը դուրս է ՏԱ-ի մասին ՀՀ օրենքի կարգավորման դաշտից»:
Ինչպես սովոր են ասել փաշինյանական կառավարությունում՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է»։ Տվյալ դեպքում օրենքից մեջբերումը ես չեմ վիճարկի։ Սակայն կտամ այլ մեկնաբանություն։ Ուշադրություն դարձրեք, որ օրենքի ձեւակերպման մեջ գրված է՝ «…տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված եւ ձեւավորված տվյալը»։
Տնօրինողին, տվյալ դեպքում՝ կառավարությանը, դուք եք տրամադրել ձեր պաշտոնական կենսագրությունը, այսինքն՝ թաքցնելով ձեր կենսագրության էական փաստը, դուք խաբել եք ոչ միայն հանրությանը, այլեւ տեղեկությունը տնօրինողին, այսինքն՝ կառավարությանը։
Խնդրում եմ, դուք կամ ձեր մամուլի քարտուղարը չասեք, թե դա անձնական տվյալ է, եւ դրա համար հարկ չեք համարել ներկայացնել։ Ստիպված եմ ձեզ հիշեցնել, թեպետ վստահ եմ, որ ձեր փայլուն ամերիկյան կրթությամբ ինքներդ էլ գիտեք, որ հանրային դեմք համարվող պետական պաշտոնյայի անձնական կյանքը շատ նեղ է եւ սահմանափակվում է իր ընտանիքով։ Ձեզնից հո ձեր կնոջ հեռախոսահամարը կամ կոշիկի չափսը չե՞ն ուզում, որ ասեք՝ անձնական տվյալ է։
Մնացած դեպքերում մարդը, որը կամավոր ընտրել է հանրային գործունեությունը եւ բարձր պաշտոն զբաղեցրել, պարտավոր է, լսում ե՞ք, պարոն Մաթեւոսյան՝ պարտավոր է, մի հատ էլ երրորդեմ, որ ականջներիդ օղ անեք՝ պարտավոր է հանրության առջեւ հաշվետու լինել նաեւ իր կյանքի թեկուզ եւ տհաճ դրվագների մասին։
Եթե ինձ չեք հավատում, կարող եք զանգել ձեր ամերիկյան ուսուցիչներին եւ հարցնել.
— Սըր, մի՞թե ես՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետս, պարտավոր եմ հանրության համար բացահայտել իմ կյանքի՝ հետախուզման մեջ եղած լինելու մասին դրվագը։
Չմոռանաք նրանց պատասխանից հետո անել այն, ինչ կաներ ցանկացած ամերիկյան պաշտոնյա։
Ես շատ օրինակներ չեմ բերի։ Հիշեցնեմ միայն Քլինթոն — Մոնիկա Լիվինսկի սկանդալը։ Ճիշտ է, Քլինթոնը հրաժարական չտվեց, բայց եւ չհայտարարեց, թե դա իր անձնական կյանքն է, եւ ներողություն խնդրեց։
Հիշեցնեմ նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգին, որն այդպես էլ չընդունեց իր ատենախոսության մեջ գրագողություն արած լինելու մեղադրանքը, բայց, այդուհանդերձ, հրաժարական տվեց։
Լավ, ամփոփեմ։ Դուք, հարգելի՛ երիտասարդ, պարո՛ն փոխվարչապետ, պարտավոր եք հանրությանը պարզաբանում տալ ձեր կենսագրության էական փաստը թաքցնելու պատճառների մասին կամ հերքել նման փաստի առկայությունը, որովհետեւ դա անձնական հարց չէ։ Որովհետեւ դրա թաքցնելը, մեղմ ասեմ, անպարկեշտ վարքի դրսեւորում է։ Իսկ կառավարությունում պիտի աշխատեն անբասիր վարքի տեր մարդիկ։
Ձեր պարզաբանումից հետո հրաժարական կտաք, թե ոչ, դա արդեն երկրորդական է։
Այ, դա պարտավոր չեք անել։
Դա միայն ու միայն բարոյականության հարց է։
Այսինքն՝ անձնական որոշման։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։