Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ապրանքների եւ տեխնոլոգիաների ընդլայնված ցանկը, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի պատճառով: Ցանկը ներառում է 14 նոր անվանում ապրանքներ, դրանց թվում՝ 3D տպիչներ եւ քվանտային հաշվարկների համար նախատեսված սարքավորումներ:
Պատժամիջոցների ցանկերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, ինքնահռչակ Լուգանսկի եւ Դոնեցկի Հանրապետությունների ավելի քան 700 քաղաքացիներ, ինչպես նաեւ ավելի քան 200 ռուսական ընկերություններ եւ կազմակերպություններ:
Ճապոնիան ավելի վաղ էր ընդունել Ռուսաստանի դեմ սահմանափակումների մի քանի փաթեթ՝ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Տոկիոն տարածել էր ռուսաստանյան այն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Ցուցակում ընդգրկված են 70 ընկերություն եւ 130 ձեռնարկատեր՝ իրենց ընտանիքի անդամներով, ինչպես նաեւ ռուսաստանցի քաղաքական գործիչներ՝ ներառյալ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության նկատմամբ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք, ըստ պաշտոնական Տոկիոյի, առնչություն ունեն ռազմական արտադրության հետ: