Հայ կերպարվեստի երկու անվանի վարպետներ՝ քանդակագործ Արա Սարգսյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը տասնյակ տարիներ կողք-կողքի ապրել եւ ստեղծագործել են Պուշկինի փողոցում գտնվող երկհարկանի առանձնատանը:
Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1970 թվականի մայիսի 25-ի որոշման համաձայն տունը դարձել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։
Երբ ոտք ես դնում թանգարան, կորցնում ես ժամանակի զգացողությունը, ներքին հարդարանքը նույնն է, ինչ խորհրդային տարիներին. Շենքը վերջին անգամ նախորդ դարի 70-ականներին է նորոգվել:
Վարագույրը հազիվ է քողարկում կիսաքանդ պատը, թանգարանում դրանք մեկը կամ երկուսը չեն: Ցուցասրահներով քայլելիս էլ ուշադիր պետք է լինել. դարն ապրած մանրահատակն ամեն պահի կարող է պոկվել:
Անհրապույր այս վիճակով է պայմանավորված թանգարան այցելողների թիվը. տարեկան 1500 այցելությունը չի գոհացնում տնօրեն Աննա Սարգսյանին:
Այցելուների մեծ մասը դպրոցականներ են, երիտասարդների շրջանում պակասել է հետաքրքրությունը: Պատկերը կփոխվի միայն շենքի եւ ցուցադրության արդիականացմամբ։
Տարիներ շարունակ տնօրենությունը բարձրաձայնել է տուն-թանգարանի վերանորոգման հարցը։ Շուրջ քսան տարի առաջ այն քննարկվել եւ դուրս էր մնացել «Լինսի» հիմնադրամի` թանգարանների նորոգման ծրագրից։ Խոստացել էին ներառել հաջորդ փուլում, որն այդպես էլ չեղավ:
Խնդիրը ոչ միայն թանգարանի արտաքին ու ներքին անհրապույր տեսքն է, այլեւ երկու արվեստագետների ժառանգությունն անվնաս պահպանելը։
«Նկարները պետք է պահվեն 18 աստիճանի պայմաններում, իսկ ամռանը երկրորդ հարկում ջերմաստիճանը գերազանցում է 40-ը»,- ասում է Տուն-թանգարանին աջակցող հիմնադրամի տնօրեն Ալբերտ Հակոբյանը եւ հավելում, որ շոգին անգամ այցելուները չեն դիմանում, արագ հեռանում են։
Շենքի երկրորդ հարկում, ցուցադրվում են Հակոբ Կոջոյանի գործերը, իսկ փաստաթղթերի ու անձնական իրերի ցուցադրության համար տեղ չկա: Ցուցասրահն՝ ընդարձակ պատուհաններով, ժամանակին ծառայել է որպես արվեստանոց, այժմ մեծ պատուհաններից ներթափանցող լույսը վնասում է նկարներին: Նկարչի հոբելյանի առթիվ երկրորդ հարկը մասնակի վերանորոգվել էր, տեղադրվել էին տաքացուցիչներ, ինչը նույնպես հակացուցված է:
Շենքի արտաքին տեսքն ու բակը եւս անմխիթար վիճակում են: «Թանգարանի տարածքում ջրափոսից երբեմն կոյուղաջրի արտահոսք է լինում, տարածվում բակով մեկ»,-ասում է Աննա Սարգսյանը եւ հայտնում, որ թանգարանն՝ իր բոլոր խնդիրներով, վերջապես մտել է կառավարության օրակարգ։
Թեեւ կառավարությունը փետրվարի 11-ի նիստում քննարկել է Սարգսյան-Կոջոյանի թանգարանի վերակառուցման եւ նորոգման հարցը, բայց դեռ անորոշ է, թե երբ մրցույթ կհայտարարվի եւ երբ կսկսվեն շինարարական աշխատանքները։
Իսկ թանգարանում արդեն ապագայի ծրագրեր են կազմում՝ հեռահար նպատակ ունենալով մեծանուն արվեստագետների հիշատակի օջախը վերածելու ակտիվ կյանքով ապրող մշակութային հաստատության։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։