ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Հայաստանի վեց կետերը՝ Ադրբեջանի հինգ առաջարկներին ի պատասխան: Մարուքյանն ընդգծել է, որ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկների համատեքստում սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Հայաստանի ներկայացրած վեց կետերն են.
- ՀՀ-ն մարտի 11-ին ստացել է Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում է։
- Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
- Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
- Հայկական կողմը կարեւոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)։
- Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական եւ քաղաքական միջազգային դաշնագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:
- Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։