Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նշված օրենսգիրքը լրացվել է նոր՝ 55.1 հոդվածով: Դրանով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով:
Նախագծով անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը (բողոքի ակցիաների տարբեր դրսեւորումներ), որի հետեւանքով հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:
Բնապահպանական, հասարակական կազմակերպությունները պնդում են, որ այս նախագծի ներդրման նպատակը Ամուլսարի հանքի շահագործման հիմք ստեղծելն է:
Ըստ նախագծի՝ եթե անհաղթահարելի ուժի պատճառով ընկերությունը չի կարողացել աշխատել, եւ եթե դա տեղի է ունեցել վերջին 4 տարվա ընթացքում, ապա թույլտվության ժամկետը երկարացվում է այնքան ժամանակով, որքան այդ ընկերությունը չի կարողացել աշխատել՝ առանց նոր փորձաքննության անցկացման։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ Հայաստանում շահագործման լիցենզիա ունեցող շուրջ 30 մետաղական հանքերից միայն Ամուլսարի հանքը վերջին տարիներին չի շահագործվել հասարակական դժգոհության պատճառով:
«Այս օրենսդրական նախաձեռնության հիմնավորումները շատ թույլ են եւ չեն բխում կոնկրետ իրավիճակից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակում է ՀՀ հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը հավանաբար վերջնական փուլում է: Դրա վերաբերյալ տարբեր քննարկումներ են եղել, առաջարկներ են ներկայացվել: Առանց այդ ռազմավարության ընդունման արագորեն օրենսդրական նախաձեռնություն է ընդունվում, ինչն անընդունելի է»:
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ ասում է, որ այս օրենսդրական նախաձեռնության ամբողջական ընդունման արդյունքում տնտեսվարողը կարող է իր իսկ առաջացրած խնդիրների համար ոչ միայն պատասխանատվություն չկրել, այլեւ ավելացված ժամկետով աշխատել:
«Օրինակ՝ վատ տնտեսվարողը խախտում է համայնքի բնակիչների իրավունքները, աղտոտում է համայնքի հողատարածքները, վնասում բնակիչների առողջությունը, ինչի պատճառով վերջիններս բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ են փակում, խոչընդոտում են ընկերության աշխատանքը: Հետո այդ ամենը ճանաչվում է անհաղթահարելի ուժ, ու տնտեսվարողը հանքի շահագործման համար լրացուցիչ ժամանակ է ստանում»:
Սա, քաղհասարակության ներկայացուցչի խոսքով, հետքայլ է նաեւ ժողովրդավարությունից, որովհետեւ խախտվում է քաղաքացիների ազատ կամարտահայտման, ակցիաներ իրականացնելու իրավունքը: Քաղաքացիական բոլոր տեսակի ակցիաները (ազատ ցույցեր, երթեր), որոնք ուղղված են սեփական իրավունքները պաշտպանելուն, ձեւակերպում են «անհնազանդություն» բառով: Այն մեկ այլ հարթակ է տեղափոխում մարդկանց խաղաղ ցույցերը: Կարող է լինել անհնազանդության այնպիսի տեսակ, որն իրականացվում է կոնկրետ գործընթացի դեմ՝ ունենալով հովանավորներ: Դա ավելի շատ շանտաժ է:
«Սեփական իրավունքների համար խաղաղ ցույցերն ու անհնազանդության ակցիաները հավասարեցնելը խեղաթյուրում է այդ իրավունքի իմաստն ու դրա իրացումը դարձնում անարդյունավետ: Այսպիսով, օրենքով ամրագրում ենք՝ «քաղաքացիներ, որքան ուզում եք, պայքարեք, միեւնույնն է, տնտեսվարողի գործունեության ժամկետներն օրենքի ուժով երկարացվելու են»: Սա անուղղակիորեն դառնում է սահմանափակում: Այսինքն՝ ուղիղ չենք արգելում բողոքի ակցիաներ անելը, բայց դրանք, միեւնույնն է, որեւէ իմաստ չունեն»:
Հաջորդ խնդրահարույց հանգամանքն էլ, ըստ փորձագետների, նախագծի հետադարձ ուժն է: «Օրենքը հետադարձ ուժ չպետք է ունենա: Ամուլսարի ծրագիրն ընդհատվել է ավելի քան երեք տարով: Նախագծի ընդունման դեպքում կարող է ժամկետը վերականգնվել: Նշանակում է՝ հասարակությունը, որը համաձայն չէ հանքերի շահագործման հետ, իրավունք էլ չունի բողոքելու»,- նշում է Զարաֆյանը:
Նախագծում առկա է նաեւ «զանգվածային ակցիաներ» ձեւակերպումը: Դուլգարյանը մտահոգություն է հայտնում, որ սա եւս տարբեր մեկնաբանությունների պատճառ կարող է դառնալ: Հասկանալի չէ՝ քանի հոգին է համարվում զանգվածային: «Օրինակ՝ կարող է մի ամբողջ գյուղ ոտքի կանգնել, եւ դա այդ բնակավայրի բնակչության համեմատ զանգվածային է: Այս ձեւակերպումները կարող են խնդրահարույց լինել նաեւ հետագայում, քանի որ ամեն հաջորդ իշխանություն օրենքի կոնկրետ ձեւակերպումները կարող է իրեն հարմար կերպով մեկնաբանել»:
Քաղհասարակության ներկայացուցիչները նաեւ առցանց ֆլեշմոբ են իրականացնում՝ բարձրաձայնելով իրենց դժգոհություններն ու իրազեկելով հասարակությանը: Դրանց, սակայն, պետական, քաղաքական մարմիններն արձագանքի չեն արժանացնում:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: