Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիախմբի միջոցով նախազգուշացրել է, որ Թուրքիային ՆԱՏՕ-ում մեկուսացում է սպասում այն դեպքում, եթե Անկարան արգելափակի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը:
«ՆԱՏՕ-ում համախմբվածությունը հարցականի տակ դնողը հանրության ներսում կմեկուսացվի»,- շեշտել է Վեբերը: Նա հավելել է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան իրենք են ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, հետեւաբար գործընթացը դանդաղեցնելու կամ արգելափակելու ոչ մի հիմք չկա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ըստ թուրքական Daily Sabah պարբերականի, ավելի վաղ հայտարարել էր, որ դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, որոնք ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (РПК) անդամների համար վերածվել են հյուրատան:
Անկարան համարում է, որ նրանք պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) նկատմամբ:
Նախօրեին Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու որոշման մասին: Որոշումն ընդունվել է նախագահի եւ կառավարության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հանձնաժողովի համատեղ նիստում։ Ֆինլանդիան, ըստ արտգործնախարար Պեկա Հաավիստոյի, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայան կներկայացնի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո՝ չորեքշաբթի՝ մայիսի 18-ին:
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ Ֆինլանդիային այս որոշմանն են մղել ուկրաինական իրադարձությունները։ Նախագահն ընդգծել է, որ Ֆինլանդիայի անդամակցության մասին հայտարարությունը որեւէ երկրի դեմ ուղղված չէ։