Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային մայիսի 16-ին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատավորը Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։ Դատավորը Գվարամիային առաջադրված մեկ այլ մեղադրանք որակել է Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ապօրինի յուրացում), եւ այս մասով Գվարամիան պարտավոր է պետական բյուջե 50 հազար լարի (շուրջ 16 հազար դոլար) տուգանք վճարել։
Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռեւս 2019-ի ամռանը, որը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առեւտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար»։
Գույքի ապօրինի յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում
Վրացական դատախազության պնդմամբ՝ 2019-ի փետրվարին այն օրերին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գվարամիան ընկերության հաշվին 76 հազար եվրո արժողությամբ Porsche Macan S ավտոմեքենա է ձեռք բերել, որը, սակայն, սպասարկել է բացառապես տնօրենին եւ նրա ընտանիքի անդամներին։
Նույն գործով «Ռուսթավի 2»-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախաբեր Դամենիան մեղադրվում է «Ռուսթավի 2»-ին պատկանող գույքն ապօրինի յուրացնելու մեջ՝ խմբակային, նախնական պայմանավորվածությամբ իր պաշտոնական դիրքն օգտագործելով։
2019-ից հետո Գվարամիան լքել է «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձել է իշխանական:
Փաստաբանական արտոնագիր ունեցող Գվարամիան երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահայտնի աջակիցներից մեկն է։ Նրա կառավարման տարիներին Գվարամիան զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ: Վերջին ամիսներին ընթացող դատավարության ընթացքում Գվարամիան դատարանում ներկայացնում էր Սաակաշվիլիի շահերը: