Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել է, որ Ռումինիան լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանմանը եւ հույս ունի Հունգարիային համոզելու աջակցել այդ նախաձեռնությանը:
Արեւմուտքի մի շարք երկրներ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մի քանի փաթեթ են սահմանել Ուկրաինայի իրադրության պատճառով: ԵՄ-ի երկրներում լրջորեն քննարկում են ռուսական նավթից ու գազից հրաժարվելու հնարավորությունը, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է նավթի էմբարգոյի սահմանում, բայց մի շարք երկրներ արգելափակում են դրա ընդունումը:
Ըստ արտգործնախարարի՝ Ռումինիան հավանություն է տալիս մինչեւ այժմ առաջարկված եւ քննարկված փաթեթներին եւ որոշումներին: «Հուսով ենք, որ ձեռք կբերվի մի որոշումը, որը կմիավորի բոլոր անդամ պետություններին՝ հաջակցություն այդ փաթեթի ընդունման»,- հայտարարել է Աուրեսկուն: Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները, այդ թվում նաեւ Հունգարիայի հետ, շարունակվում են:
Մոսկվայի նկատմամբ սահմանվող պատժամիջոցների նոր փաթեթի առանցքային դրույթն, ըստ դրա հեղինակների, պետք է լինի Ռուսաստանում արդյունահանված նավթի ԵՄ ներկրման ամբողջական արգելքը։
Ֆոն դեր Լայենի առաջարկած լուծումներն անընդունելի են
Պաշտոնական Բուդապեշտը, մինչդեռ, պնդում է, որ նման քայլը ծանր հարված կհասցնի Հունգարիայի տնտեսությանը։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ում արդյունահանված նավթի ներկրումների լիակատար արգելքի սահմանումը Հունգարիայի տնտեսության համար ատոմային ռումբի արդյունք կունենա։
Սիյարտոն հավելել է, որ իր երկրին ռուսական նավթից հրաժարման հետեւանքները չեզոքացնելու համար 750 միլիոն եվրո է պահանջվելու։ Սիյարտոն նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկած լուծումներն անընդունելի են: Եվրահանձնաժողովն առայժմ նման լուծումներ չի առաջարկել, ուստի Բրյուսելից հստակ զիջումներ է ակնկալում։
Հունգարիայի արտգործնախարարը նշել է, որ ռուսական նավթի վրա սահմանվող պատժամիջոցները կաջակցեն միայն մի դեպքում՝ եթե Բրյուսելը առաջարկի նաեւ այն խնդիրների լուծման ուղիները, որոնք ի հայտ են գալու էմբարգոյի հաստատման դեպքում։
«Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնություն ձեռք բերելու միակ տարբերակը էմբարգո սահմանելն է բացառապես ծովով մատակարարվող ռուսական նավթի վրա։ Մեր համոզմամբ, խողովակաշարերով իրականացվող մատակարարումները պետք է ամբողջությամբ հանվեն պատժամիջոցների ցանկից»,- նշել է Սիյարտոն։
ԵՄ կոշտ դիրքորոշումը՝ դիվանագիտական փակուղու պատճառ
Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ որեւէ երաշխիք չկա, որ Եվրամիությունն այսօր կկարողանա համաձայնեցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքից առաջ նա շեշտել է, որ դիվանագիտական փակուղու պատճառը ԵՄ անդամ որոշ պետությունների կոշտ դիրքորոշումն է։