Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովելու իր սահմանների անվտանգությունը, նաեւ Աֆղանստանում եւ կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի պայմաններում: «Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում եւ ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովելու ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու:
«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը եւ հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանը բազմիցս բարձրացրել է արագ արձագանքման խնդիրը
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ նախքան ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների համատեղ հայտարարության հրապարակումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության եւ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքմանն առնչվող հարցերը:
Փաշինյանը նշել է, որ չի կարելի ասել, թե 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո կազմակերպությունն արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը:
Նա անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին՝ նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն: