Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն ընդունել Գյուլենական շարժման եւ Քրդական աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող 33 անձանց արտահանձման վերաբերյալ Թուրքիայի պահանջները:
Անկարան վերջին 5 տարում Ֆինլանդիայից պահանջել է արտահանձնել 12 (6՝ Գյուլենական շարժման եւ 6՝ Քրդական աշխատավորական կուսակցության), իսկ Շվեդիայից՝ 21 (10՝ Գյուլենական շարժման եւ 11՝ Քրդական աշխատավորական կուսակցության) անձանց, որոնք, ըստ թուրքական կողմի պնդումների՝ առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված այդ կազմակերպությունների հետ։
33 անձանց արտահանձման պահանջից որեւէ մեկին դրական պատասխան չի տրվել։ 19-ն արդեն իսկ մերժվել են, 5-ը անպատասխան են թողնվել, իսկ 9-ի արտահանձնման պահանջի վերաբերյալ գործընթացը շարունակվում է։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության համար անհրաժեշտ է, որ Թուրքիան եւս տա իր համաձայնությունը։ Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, սակայն, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան ասես ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն լինեն, եւ ընդգծել է, որ դրական չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն, իր հերթին, բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջեւ դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն Քրդական աշխատավորական կուսակցության եւ Գյուլենական շարժման գործունեության դեմ։