Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ, միջուկային համաձայնագրի մասնակիցների պարտավորությունների չկատարման դեպքում, Իրանի ԱԳՆ-ն չի բացառում միջուկային օբյեկտների մոտ ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների աշխատանքի դադարեցման հնարավորությունը:
«Կառավարությունը պարտավոր է Մեջլիսի ընդունած օրենքի համաձայն փետրվարի 21-ին դադարեցնել լրացուցիչ արարողակարգի կամավոր կատարումը [արարողակարգն ապահովում է դիտորդների մուտքը միջուկային օբյեկտներ], եթե մինչեւ այդ օրը համաձայնագրի մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները»,- շեշտել է դիվանագետը, հավելելով, որ այդ գործընթացը ժամանակ չի պահանջում եւ կարող է կիրառվել հենց նույն օրը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը կշարունակվի եւ իրանական կողմը գործակալությանը գրավոր տեղյակ կպահի իր բոլոր գործողությունների մասին: Հաթիբզադեն հիշեցրել է երկրի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն տվեց Մեջլիսի նախագծին, ըստ որի կառավարությունը պարտավորվում է ավելացնել ուրանի հարստացման աստիճանը:
Մեջլիսն իր հերթին կառավարությանը 2 ամիս ժամանակ տվեց: Ըստ այդմ, եթե միջուկային համաձայնագրի մասնակիցները չկատարեն իրենց պարավորությունները, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների դիտորդական աշխատանքը կդադարեցվի:
Օրենսդիրների կարծիքով նախագծում ներառված միջոցառումների շնորհիվ Թեհրանի դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել: