Ըստ Wall Street Journal պարբերականի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարում ռուսական եւ բելառուսական կալիումային պարարտանյութերը համաշխարհային շուկաներ վերադարձնելու շուրջ՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը վերսկսելու դիմաց:
Պարբերականի տվյալներով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվային հորդորել է Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի բեռների դուրսբերմանը չխոչընդոտել, փոխարենը խոստացել է աջակցել ՌԴ-ից եւ Բելառուսից արտահանվող պարարտանյութերի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը:
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պայմանավորվածություններին, դրանց թվում` իր վրա վերցնելու ծովային ականների որոնման եւ չեզոքացման եւ հացահատիկ տանող նավերի կառավարման խնդիրը:
Նախորդ շաբաթ Գուտերեշը հայտնել էր, որ փորձում է աջակցել համաշխարհային շուկայում ինչպես ռուսական եւ բելառուսական արտադրանքի ու պարարտանյութերի, այնպես էլ Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրության վերաինտեգրման շուրջ երկխոսությանը։
Ավելի վաղ գերմանական Compact պարբերականը գրել էր, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարումների շղթայի խախտումը կհանգեցնի պարարտանյութերի դեֆիցիտի եւ ֆերմերներին կզրկի բավարար չափով բերք ստանալու հնարավորությունից:
Իսկ Bayer AG քիմիա-դեղագործական համաշխարհային կորպորացիայի բաժնի ղեկավար Մատիաս Բեռնինգերը դեռ ապրիլին հայտարարել է, որ հաջորդ տարի աշխարհին սպասում է մարդկության պատմության մեջ խոշորագույն պարենային ճգնաժամերից մեկը: Բեռնինգերի տեսակետին համաձայնել է տնտեսագետ Մատին Կայիմը: Վերջինիս կանխատեսմամբ 2023-ին համաշխարհային սովի ճիրաններում կհայտնվի մինչեւ հարյուր միլիոն մարդ: