Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստին:
Նիստի օրակարգում են Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական եւ ներդրումային ծրագրի կատարման ընթացքը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ուղղություններով համագործակցության հարցերը։
Մտքեր կփոխանակվեն նաեւ առեւտրատնտեսական եւ ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ:
Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Միզոյանը հանդիպումներ կունենա նաեւ ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:
Բլինքենն ու Չավուշօղլուն առանձնազրույց կունենան
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու մայիսի 16-19-ն անցկացվող ներգաղթային քաղաքականության վերանայման վերաբերյալ միջազգային համաժողովին:
Այցի շրջանակում Չավուշօղլուն մասնակցելու է նաեւ ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ անցկացվելիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին:
Չավուշօղլուն առանձին հանդիպում կունենա Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է քննարկվի հայ-թուրքական գործընթացը: Վաշինգտոնը հայատարարել է, որ ԱՄՆ-ն աջակցել է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: ԱՄՆ-ը թուրքական կողմին տեղեկացրել է, որ ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները: