Ամերիկյան The CEOWORLD magazine-ը հրապարակել է 2021-ի աշխարհի ամենաազդեցիկ երկրների վարկանիշային աղյուսակը: Պետությունների դասակարգման համար կիրառվել է 11 չափանիշ. զինուժը, միջազգային դաշինքներին հարելը, երկրի ղեկավարության հանդեպ հարգանքը, միջազգային առեւտուրն ու զբոսաշրջությունը, տնտեսական հզորությունը, մշակույթը, դիվանագիտական ազդեցությունը, արտերկրում բնակվող համայնքները, ԶԼՄ ազդեցությունը, կարիքավոր երկրներին օգնելը, ինչպես նաեւ կապվածությունը մնացած աշխարհի հետ:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է ավելի քան 280 հազար հարցման ենթարկվածների պատասխանների հիման վրա: Ցանկում ընդգրկվել է 57 երկիր:
Աշխարհի ամենաազդեցիկ երկրների առաջին տասնյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Իտալիան եւ Իսրայելը։