ՌԴ Պետական դումայի ստորին պալատի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում տեղի ունեցած Խորհրդարանական 10-րդ հավաքում հայտարարել է, որ Պետդուման կքննարկի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից երկրի դուրս գալու հարցը:
Ըստ դումայի փոխխոսնակի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անտեսել են իրենց պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ, հետեւաբար եկել է այդ կազմակերպություններից դուրս գալու ժամանակը:
Պյոտր Տոլստոյը նշել է, որ Ռուսաստանը պետք է վերանայի պայմանագրերը: Ըստ նրա՝ դրանք ոչ թե օգուտ, այլ անմիջական վնաս են հասցնում Ռուսաստանին:
Ռուսաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը միացել է 1948-ին, իսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ 2012-ին: