Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատի տարածքում պաշարված «Ազով» ազգայնական ստորաբաժանման անդամները եւ ուկրաինացի զինծառայողները շարունակում են գերի հանձնվել:
Կոնաշենկովը նշել է, որ երեկ գերի է հանձնվել 694 մարդ, որոնցից 29-ը՝ վիրավոր: Ըստ Կոնաշենկովի՝ մայիսի 16-ից գերի է հանձնվել 959 մարդ, որոնցից 80-ը՝ վիրավոր. նրանցից ստացիոնար բուժման կարիք ունեցող 51 մարդ տեղավորվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոզովոդսկի հիվանդանոցում:
ՌԴ զինուժի կորուստներն՝ ըստ ուկրաինական կողմի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատերազմի 84-րդ օրվա՝ մայիսի 18-ի առավոտվա դրությամբ ամփոփել է հակառակորդի կորուստները։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ 2165 միավոր մարտական մեքենա եւ ավտոցիստեռն, 43 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, 594 միավոր հրետանային համակարգ, 3077 միավոր զրահամեքենա, 92 միավոր ՀՕՊ համակարգ, 1267 տանկ, 13 ռազմանավ եւ մոտորանավ, 167 ռազմական ուղղաթիռ, 203 ռազմական ինքնաթիռ, 107 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 28 հազար 700 ռուս զինվորական։
ՌԴ զինված ուժերը նախորդ օրվա դրությամբ ամենաշատ զոհերը տվել են Սլավյանսկի, Կրիվորոժսկի եւ Զապորոժիեի ուղղություներում:
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը նշել է, որ շարունակում են ճշտել տվյալները: