Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կարգադրիչի տեղակալ Գիտա Գոփինաթը հայտարարել է, որ Հիմնադրամը պատրաստ չէ բռնագրավելու Ռուսաստանի ոսկու եւ արտարժույթի պահուստները հօգուտ Ուկրաինայի: Պաշտոնյան հրաժարվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու եւ արտարժույթի պահուստները բռնագրավելու վերաբերյալ ԱՄՀ դիրքորոշումը հրապարակելուց:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը առաջարկել էր ՌԴ ոսկու եւ արտարժույթի սառեցված պահուստներն ուղղել Ուկրիանայի վերականգնմանը: Իբրեւ օրինակ՝ Բորելը նշել է Աֆղանստանի ԿԲ-ի՝ հումանիտար օգնության սառեցված ակտիվները, որոնցից 3,5 միլիարդ դոլարն ԱՄՆ-ն իբրեւ փոխհատուցում ուղղեց 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Գոփինաթի կարծիքով Արժույթի միջազգային հիմնադրամում քննարկում են միջազգային մոնետար համակարգի կայունությանը սպառնացող ցանկացած ռազմավարություն: ԱՄՀ-ի պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայի օգտին ռուսական ակտիվների բռնագրավման մասին դեռ վաղ է խոսել:
Ինչպես գրում է բրիտանական Financial Times-ը, ՌԴ ոսկու եւ արտարժույթի սառեցված պահուստների բռնագրավումն արտերկրում կհանգեցնի քաղաքական տնտեսության միջազգային համակարգի փլուզման: Այդ դրամական միջոցների սառեցման որոշումն արդեն իսկ լուրջ մտահոգություն է առաջացրել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրներում: