Ըստ The Washington Post պարբերականի՝ Ուկրաինան փետրվարի 24-ին իր դեմ Ռուսաստանի ծավալած պատերազմից հետո դարձել է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում՝ այդ ցուցանիշով գերազանցելով Իսրայելին եւ Եգիպտոսին:
Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Նահանգները 2014-2021 թվականներին Կիեւին փոխանցել է շուրջ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Ընդ որում՝ Ուկրաինային Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռազմական օգնության ծավալը կազմել է 3,8 միլիարդ դոլար: Ինչ վերաբերում է 40,1 միլիարդ դոլարի տրամադրվելիք նոր փաթեթին, դրա կեսը՝ շուրջ 20 միլիարդ դոլարը, նախատեսվում է հատկացնել պաշտպանության ոլորտին:
The Washington Post-ն այդ ցուցանիշները համեմատել է 2020 ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից) տվյալների հետ: Այդ տարում ամերիկյան ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում Իսրայելն էր, որին Նահանգները փոխանցել էր 3,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, երկրորդ տեղում Եգիպտոսն էր՝ 1,3 միլիարդ դոլարի, եւ երրորդ տեղում՝ Հորդանանը, որին ԱՄՆ-ը հատկացրել էր 510 միլիոն դոլարի ռազմական աջակցություն:
Սին հույսերն Ուկրաինայի համար լուրջ հետեւանքներ կարող են ունենալ
Ընդսմին, ամերիկյան Politico գործակալության պնդմամբ՝ Արեւմուտքի եւ Կիեւի շահերը նույնական չեն, ընդ որում՝ Ուկրաինային լիովին աջակցելու արեւմտյան երկրների հռետորաբանությունը կարող է Կիեւին սին հույսեր ներշնչել, որը նրա համար կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
Հակամարտության սրացումն, ըստ էության, ծառայում է Ուկրաինայի շահերին, իսկ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ողջամտորեն զգուշանում են Ռուսաստանից, միանգամայն հիմնավոր դիմադրում են դրան: Արդյունքում Արեւմուտքում գործի եւ խոսքի միջեւ հակասություն է առաջացել: Ըստ Politico հեղինակների՝ շահերի լիովին համընկնման շուրջ հայտարարություններն ուկրաինացիներին ՌԴ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի եւ ապագայի հանդեպ մեծ ակնկալիքների հույս են ներշնչում: