Թանգարանների միջազգային օրը Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում նշանավորվեց ցուցահանդեսի բացմամբ։ «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էր 13 գործ Հայաստանի նկարիչների միության ֆոնդից։
Արվեստասեր հանրությանը ներկայացվեցին Օֆելյա Վարդանյանի, Հրանտ Հովսեփյանի, Ֆլորա Բաղդասարյանի, Մարկոս Արզումանյանի, Սարգիս Մանգասարյանի, Նանե Գյուլամիրյանի, Սուրեն Սաֆարյանի եւ այլ անվանիների աշխատանքներ։
Ցուցահանդեսը նվիրված էր հայ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի հիշատակին։
Պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը ներկաներին շնորհավորեց թանգարանների օրվա առթիվ, ապա խոսեց շենքային նման պայմաններում ցուցադրություններ կազմակերպելու դժվարություններից։
«Ինձ համար շատ դժվար է այս տարածքին ասել թանգարան, որովհետեւ նման անբարեկարգ միջավայրում ենք աշխատում եւ ստեղծագործում։ Բայց մխիթարվում ենք նրանով, որ կան շրջաններ, քաղաքներ՝ սա էլ չունեն։ Մեծ ջանքեր են պահանջվում, մեծ ճանապարհ եմ անցնում, որ նկարներ բերեմ։ Կարելի է ասել՝ ինձ նկարներ չեն տալիս, որովհետև պահպանության համար բացարձակ պայմաններ չկան։ Ալավերդի ցուցահանդես բերելը հարգելով, ընկերական կապերի շնորհիվ է հաջողվում»,- ներկաներին ասաց պատկերասրահի տնօրենը։
Իսկ Ալավերդու քաղաքային թատրոնի ռեժիսոր, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նախկին պատկերասրահը հիշեց, երբ շենքն ամբողջովին արվեստի այս օջախին էր պատկանում։ Հիմա պատկերասրահը կարծես «ծվարել» է թանգարանային շենքի մի անկյունում։
«Որպես ալավերդցի ես ամաչում եմ այս պատերը, այս տարածքը պատկերասրահ անվանելուց։ Ալավերդուն սա վայել չէ։ Ես այստեղ ներկա երիտասարդներին, բոլորիս կոչ եմ անում որեւէ շարժում սկսելու, թեկուզ Ֆեյսբուքում, այլ հարթակներում, որպեսզի բարեկարգենք, գոնե ներկենք պատերը։ Կամավորական ջանքերով հնարավոր է անել այդ գործը։ Եթե չպահպանենք, մի օր էլ ինչ-որ մասնագետներ կգան Երևանից ու կասեն՝ թանգարանային պայմանների բացակայության պատճառով փակենք պատկերասրահը»,- իր մտահոգությունը հայտնեց մշակույթի գործիչը։
Չնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում շարունակում են հանրությանն արվեստ մատուցել։ Մայիսի 21-ին այստեղ օրը կրկին թանգարանային կլինի։ Իսկ դիմանկարների ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։