Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում:
«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018-ին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- նշել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:
Լին Թրեյսին շոշափել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելության, նախկին ու ներկա փորձի, երկրից ստացած իր անձնական տպավորությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ օրակարգին առնչվող կարեւորագույն հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների թեման: Դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին եւ կարեւոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին:
Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: