1920 եւ 2020 թվականների նմանության մասին շատ է խոսվել։ Նման են ոչ միայն իրադարձությունները, որ տեղի են ունեցել այդ տարիների ընթացքում, այլ նաեւ սխալները, որ կատարել են հայկական իշխանությունները։
Ամենանշանակալի սխալն այն է, որ հայկական կողմը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ մեր օրերում, չի կարողացել ճիշտ գնահատել իրերի իրական դրությունը։ Մոլորության մեջ է եղել, կարծել է, թե ուժեղ է ավելի, քան կա իրականում։ Տեղյակ չի եղել հակառակորդի ուժից եւ իր իրական հնարավորություններից, չարդարացված ինքնավստահություն է դրսեւորել։
1920-ի զարգացումներն ի մի բերելով` Հովհաննես Քաջազնունին գրում է․ «Մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող։ Մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտավոր էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար։ ․․․Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա։ Այստեղ է հիմնական սխալը։ Չէինք վախենում պատերազմից, որովհետեւ վստահ էինք, թե կհաղթենք։ ․․․Երբ սահմանի վրա զինվորական ընդհարումները սկսել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել։ Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը»։
Ալեքսանդր Խատիսյանը շատ ավելի մանրամասն է ներկայացնում նույն շրջանի զարգացումները՝ մեջբերելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ դիվանագիտական գրագրություններից ամբողջական հատվածներ, որոնք մի կողմից վկայում են թուրքերի իրական մղումների, իսկ մյուս կողմից՝ հայկական կողմի անհեռատեսության, պայմանավորվել չցանկանալու ու չարդարացված ինքնավստահության մասին։
1920 թվականին մենք մեր ձեռքում ունեինք Սեւրի պայմանագիրը, որը թանկ գնով կարող էինք թուրքերին վաճառել ու շահած դուրս գալ, բայց չարեցինք։ Չարեցինք, որովհետեւ, ինչպես Քաջազնունին է իրավացիորեն պնդում․ «Սեւրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթագնել իրականության գիտակցությունը։ Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920 թվականի աշնանը՝ Սեւրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ»։
Իսկ 1990-ականներից հետո մեր միտքը կաշկանդել եւ իրականությունից մեզ կտրել էր գրավյալ կամ, հայկական տարբերակով, ազատագրված տարածքների գոյության փաստը։
Եթե 1998-ին իրականության աղավաղված ընկալումը կարող էր դեռ ճակատագրական չլինել, քանի որ Ադրբեջանի տնտեսական վիճակը մեր երկրի վիճակից էապես չէր տարբերվում, իսկ բանակցային գործընթացում եւ միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերն անհամեմատ ամուր էին, ապա 2020-ին մենք բոլորովին այլ պատկեր ունեինք։
Ժամանակը պետք է մեր դեմ աշխատեր եւ իր ողջ թափով աշխատել էր։ Ադրբեջանն արդեն նախկինը չէր, ուներ ուժեղ ու կազմակերպված բանակ, իսկ բանակցություններում ու միջազգային հարթակներում մեր դիրքերը դարձել էին խախուտ։ Սա իրականություն էր, որը պետք է հաշվի առնվեր, բայց անտեսվեց։ Անտեսվեց ճիշտ այնպես, ինչպես 1920-ի ամռանն էր իրերի իրական դրությունն անտեսվում։
Մենք կուրացել էինք 1990-ականների առաջին կեսին գրանցած մեր հաջողությամբ, 1990-ականների վերջում ունեցած մեր ամուր դիրքով ու մեզ անպարտելի էինք համարում։ Ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին պատերազմից չէինք վախենում։ Վստահ էինք՝ հաղթելու ենք։ Իսկ իրականությունից կտրված լինելը պարտության առանցքային նախապայման է։
Մեր օրերի եւ 1920 թվականի նմանություններն ավելի են ամբողջանում, երբ տեսնում ենք, թե այս ճակատագրական պահին, երբ Հայաստանը պարտված է, երբ արտաքին ճակատում մենակ ենք ու խոցելի, երբ մեզ նորանոր զիջումներ են պարտադրում, երբ հակառակորդը մեր երկրի տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում, ինչպես են ընդդիմություն ներկայացող ուժերը 1920-ի հայ բոլշեւիկների նմանությամբ իշխանությունը զավթելու կռիվ անում։
1920-ի սխալները հսկայական կորուստների հանգեցրին։ Մենք կորցրինք մեր 60 հազար քառակուսի կիլոմետրանոց երկրի ուղիղ կեսը։ 2020-ի պարտությունը եւ կորուստներն արդեն արձանագրված են: Մեր արկածախնդիր վարքի պատճառով կարող ենք նոր ու ավելի մեծ կորուստներ ունենալ: Պետք է հասկանալ ու կանգ առնել։ Հակառակ դեպքում հերթական անդառնալի կորուստներ արձանագրելուց հետո ստիպված ենք լինելու կրկնել Քաջազնունու արձանագրումը, թե․ «Բոլշեւիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը (որը շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարությունը»։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։