Գյուղատնտեսական տարին Շիրակի մարզում մեկնարկել է, խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արոտի շրջանը՝ բացվել:
Մարզի բոլոր համայնքներում խոշոր եղջերավորների նախիրներն անցած տարվա համեմատությամբ փոքրացել են: 2021 թվականի 90000 գլխաքանակի փոխարեն այս տարի արոտի ելավ 75200 գլուխ անասուն: Երաշտի, ինչպես նաեւ երկարաշունչ ձմռան պատճառով գյուղացու կուտակած անասնակերը չբավարարեց, ինչի պատճառով ջրի գնով վաճառեցին անասուններին:
14800 գլուխ պակաս անասնագլխաքանակը, սակայն, առիթ չեղավ, որ գոնե այս տարի կաթ մթերող ընկերությունները զսպեն ախորժակն ու ողջամտության սահմաններում գին առաջարկեն մեկ լիտր կաթի համար:
Խանութում գործարանային փաթեթավորմամբ կաթի գինը տատանվում է 450-600 դրամի սահմաններում: Գյուղացիական տնտեսություններից կաթ վերամշակող ընկերությունները մեկ լիտր թարմ կաթի համար սահմանել են 150-160 դրամ:
Շարքային քաղաքացին տեսնում է, որ 0.5 լիտր խմելու ջուրն արժի նույնքան, որքան մեկ լիտր կաթը, այսինքն՝ կրկնակի թանկ: Հաշվարկել կես լիտր ջրի եւ մեկ լիտր կաթի ինքնարժեքների տարբերությունը, մեղմ ասած, ժամանակի անիմաստ կորուստ կլինի:
Վահրամաբերդի բնակիչ Գագիկ Մկրտչյանը վտանգ է տեսնում պետության վարած քաղաքականության մեջ: «Դրդում են, որ գյուղացին կաթ չարտադրի, գյուղատնտեսությամբ չզբաղվի: Աբսուրդ է, որ արտադրողն առանց շահույթի աշխատի: Ստիպված անասնագլխաքանակը կվերացնի, լավագույն դեպքում՝ կպակասեցնի. դա հասկանում ենք մենք, հասկանում է նաեւ պետությունը,- ասում է Գագիկն ու անպատասխան հարց հնչեցնում,- ինչո՞ւ…»:
Ղարիբջանյան գյուղի բնակիչ Մուշեղ Գեւորգյանն ասում է՝ մեկ կովի համար 2000-30000 դրամով 80 հակ խոտ են գնել: Այժմ էլ արոտ տանող նախրապահին ամսական 5000 դրամ են վճարում: Ստացվում է, որ մեկ լիտր կաթ արտադրելու համար ավելի շատ է ծախսել, քան ստացել: «Դարձել ենք կաթ արտադրողների համար առանց աշխատավարձի աշխատող»,- վրդովված ասում է ղարիբջանյանցի անասնապահն ու հորդորում չհամաձայնել այդ գնին եւ միասնաբար կաթ չտալ մթերողին:
Ի տարբերություն Մուշեղ Գեւորգյանի՝ նույն գյուղի բնակիչ Նորայր Հարությունյանն ավելի բարդ է համարում խնդրի լուծումը: «Իմը 5-10 լիտր չէ, 100 լիտր կաթ ունեմ օրական, ասեմ՝ չեմ տա, մթերողն էլ կասի. «Է՜հ, չես ուզում, մի՛ տուր»: Քիչ լիներ, կտանեի քաղաք, չվաճառվեր էլ, կթափեի: Կաթ մթերողն ի՞նչ անի, տերն ո՞վ է, ով ինչ ուզի, կանի»:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի վարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ փոքր տնտեսությունները մրցունակ արտադրանք չեն տալիս, կիթը կազմակերպվում է ձեռքով, որակը տեղում չի ստուգվում, մեծ տնտեսություններն էլ տուժում են այս հոսքի մեջ:
Որ կաթի գինն իրոք ցածր է, պատասխանատուն չի ժխտում: Էկոնոմիկայի նախարարի հետ հարցը քննարկել են: Կառավարությունը կփորձի մոտ ժամանակներս որոշակի լուծում գտնել խնդրին: Հարցին, թե ինչ եղանակով է լուծում տալու՝ կստիպի՞ մթերողին ողջամիտ գին սահմանել, թե՞ այլ եղանակ կգտնի, պատասխանատուն ասաց, որ կաթ մթերողի համար պետական օժանդակության ծրագրի շրջանակում սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր կտրամադրի, եւ մթերողին ձեռնտու կլինի մի քանի լիտր կաթի համար շրջել գյուղից գյուղ:
Հավելենք, ի տարբերություն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կտրուկ նվազման, մանր եղջերավորների թիվն աճել է՝ նախորդ տարվա 72000-ի համեմատ այս տարի հասնելով 86000-ի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։