ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ճեպազրույցում անդրադառնալով անկլավների թեմային, հայտարարել է, որ Ադրբեջանը դեռեւս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով՝ նշելով, որ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով։
«Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցով»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մայիսի 10-ին հայտարարել էր, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր եւ Նախիջեւանի Քյարքի (Հայաստանի Տիգրանաշեն) գյուղը, Ադրբեջանի տարածքն են, եւ Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։
Խոսելով սահմանագծման եւ սահմանազատման շրջանականերում Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման հետաձգման մասին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցում ասել է, որ դեռեւս չեն կարողացել կազմակերպել, եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի։
Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասով էլ հույս է հայտնել, որ երկուստեք կգան ընդհանուր հայտարարի՝ նշելով, որ այն չի կարող միակողմանի լինել։
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ Հայաստանի վեց եւ Ադրբեջանի հինգ առաջարկները պետք է միացնել եւ քննարկել խաղաղության օրակարգը։
Երեւանը երկու անգամ չեղարկել է հանդիպումները. Ալիեւ
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները: Ըստ նրա՝ ապրիլի 6-ին բրյուսելյան հանդիպման ընթացքում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ ապրիլի վերջը երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները:
Ալիեւի պնդմամբ՝ Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբն ու պատրաստ է եղել պատվիրակություն ուղարկելուն։ Նա նշել է, որ հենց Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Սակայն, ըստ Ադրբեջանի նախագահի, վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը: Ալիեւն անպատասխանատու է որակել պաշտոնական Երեւանի այդ քայլը:
«Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է դարձյալ մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի Հայաստանի մերժումը»,- հայտարարել է Ալիեւը։ Միեւնույն ժամանակ, ըստ Ալիեւի, ադրբեջանական կողմը դեռ շարունակում է Հայաստանից աշխատանքի մեկնարկի որեւէ նոր ժամկետի սպասել։