ДДТ խմբի մենակատար Յուրի Շեւչուկը նախօրեին՝ Ուֆայում համերգի ընթացքում, հենց բեմում քննադատել է Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ ցավով նշելով, որ այնտեղ «զոհվում են մեր տղաները»: Այնուհետեւ երաժիշտն ավելացրել է. «Հայրենիքը, բարեկամներ, նախագահի հետույքը չէ, որը պետք է անընդհատ համբուրել։ Հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող չքավոր տատիկն է»:
Ոստիկանները համերգից անմիջապես հետո բերման են ենթարկել Շեւչուկին։ Երաժշտական խմբի պրոդյուսեր Ռադմիր Ուսաեւը պատմել է, որ ուժայինները համերգից հետո ներխուժել են կուլիսներ, մեկուսացրել են երաժշտին եւ մոտ մեկ ժամ հարցաքննել: Ըստ Ուսաեւի՝ նախ ցանկացել են ձերբակալել, բայց հետո պարզապես ծանուցագիր են տվել, որ ստորագրի։ Ինքը երաժիշտը որեւէ կերպ չի անդրադարձել միջադեպին:
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, հայտնի է դարձել, որ ձեռնարկատեր եւ բլոգեր Վերոնիկա Բելոցերկովսկայայի (համացանցում հայտնի է իբրեւ Բելոնիկա) հանդեպ հետախուզում է հայտարարվել: Նա դարձել է մեդիայի առաջին ներկայացուցիչը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ զինված ուժերին վարկաբեկելու մեղադրանքով: Մարտին նա Instagram-ում հրապարակել էր տեսագրություններ, որոնք, ըստ ՌԴ քննչական կոմիտեի, արատավորել են ռուսաստանյան բանակը: Բելոցերկովսկայային սպառնում է տասը տարվա ազատազրկում եւ մինչեւ 3 միլիոն ռուբլու վարչական տուգանք:
Մայիսի 4-ին էլ հետախուզում է հայտարարվել արտասահմանյան գործակալ ճանաչված Ալեքսանդր Նեւզորովի նկատմամբ՝ «ՌԴ զինուժի մասին կեղծ նյութեր տարածելու» մեղադրանքով: Պետերբուրգցի հեռուստալրագրողն Instagram-ում եւ YouTube-ում մարտի 19-ին, ըստ ՌԴ քննչական կոմիտեի, «ստահոդ» տեղեկություն է տարածել ՌԴ զինված ուժերի՝ Մարիուպոլի ծննդատունը հրետակոծելու վերաբերյալ: