ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը նախօրեին հայտարարել է, թե հաշվի առնելով այն, որ անհրաժեշտ են շտապ միջոցներ, ԱՄՆ-ի իշխանությունները եւս քառորդ միլիարդ դոլար կհատկացնի աշխարհում շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով:
Բլինքենը խոստացել է, որ հետագայում Վաշինգտոնը կշարունակի միջոցներ հատկացնել պարենային անբավարարության խնդրի լուծման համար: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Կոնգրեսը մոտ ժամանակներս պետք է հավանություն տա 5,5 միլիարդ դոլարի հատկացմանը՝ աշխարհում հումանիտար օգնության ցուցաբերման եւ պարենային անվտանգության խնդրի լուծման համար:
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին Բրիտանիայի խորհրդարանի Գանձապետական հանձնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով պարենի գնաճը կարող է աղետալի դառնալ: Նա նշել է, որ դա լուրջ սպառնալիք է ոչ միայն Բրիտանիայի, այլեւ զարգացող տնտեսությունների համար:
«Ուկրաինան ունի արտահանելու ամբարած պարեն, սակայն չի կարողանում դուրս հանել: Այս պահին դրա հնարավորությունը չկա»,- շեշտել է Բեյլին: Նա հավելել է, որ պարենի գինը կաճի, քանի որ Ուկրաինան հացահատիկի եւ բուսական յուղի խոշոր արտահանողներից է:
Անցած երկու տարում արդեն գրանցվել էր պարենի գնաճ ՔՈՎԻԴ-19 համավարակի առնչությամբ: Փետրվարին եւ մարտին հացահատիկի եւ բուսական յուղի գները երկու անգամ շեշտակի աճ են գրանցել: