Այս հոդվածաշարը նվիրված է հետպատերազմյան Հայաստանի կառավարող քաղաքական ուժերի անուղղակի կոնսենսուսի քննարկմանը, որը, մեր կարծիքով, ավելի մոտ է հռոմեական եռապետությունների կառավարման ձեւին։
2018-ի հեղափոխություն, 2020-ի քառասունչորսօրյա պատերազմ ու հետպատերազմյան ճգնաժամ՝ փողոցային անկարգություններ, կառավարական շենքերի գրավում, հիբրիդային «ռազմական հեղաշրջում» անցած Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվեց Փաշինյան-Սարգսյան-Քոչարյան եռապետությունը։ Յուրաքանչյուրն իր փոքր բուրգերով, կապիտալով, հաճախորդների ցանցերով եւ ռեսուրսային բազայով նպատակ ունի պահպանելու սեփական գոյությունը, զսպելու դիմացիններին։
Այդ համակարգի առկայությամբ ուղղակի կամ անուղղակի չեղարկվում է պետության դերը։ Քաղաքացիների քաղաքական գոյությունն ու պետության ֆունկցիաները ստորադասվում են իրենց կամքին, իրենց խմբի անվտանգությանն ու այսրոպեական շահերին։
Ք.ա. 1-ին դարում Հռոմեական հանրապետության կառավարման ճգնաժամի եւ չընդհատվող քաղաքացիական պատերազմների խորապատկերում, որպես պատասխան անկայունությանն ու զորավար-դիկտատորներին, առաջ եկավ փոխըմբռնելի կառավարման եռապետության մոդելը։
Առաջին եռապետությունը փաստացի ո՛չ պաշտոնական, ո՛չ իրավական միությունն էր ժամանակի երեք ամենազոր քաղաքական-ռազմական-տնտեսական գործիչների՝ նախկին կոնսուլ, զորավար Գնեոս Պոմպեոսի՝ արեւելքի նվաճողի, Տիգրան Մեծին ու Միհրդատ Եվպատորին հաղթողի, կոնսուլ, պրովինցիայի կառավարիչ Հուլիոս Կեսարի՝ Գալիայի հաղթողի, եւ Հռոմի ամենահարուստ, ազդեցիկ մարդու՝ Մարկոս Կրասոսի։
Ժամանակի պատմիչները նրանց միությունը կոչում են «եռագլուխ հրեշ», իսկ քաղաքական համաձայնության՝ փաստացի իշխանության եւ պետական ինստիտուտների ուզուրպացիայի նրանց կրեդոն համարում «Որքան վատ, այնքան լավ» կարգախոսը։
Եռապետերը դե ֆակտո իրենց եւ իրենց նեղ, իշխող խմբի ձեռքերում էին կենտրոնացրել նյութական, քաղաքական, ռազմական ռեսուրսները՝ իրենցով փոխարինելով պետության կառավարումը՝ սեւ ցուցակներով շարքից հանելով սեփական հակառակորդներին ու թշնամիներին։ Ավելին՝ եռապետերը զբաղվում էին պետական պաշտոնների բացահայտ առքուվաճառքով եւ ազդեցության ոլորտներ կիսելով։ Նրանք հասկանում էին, որ վաղ թե ուշ պատերազմելու էին միմյանց դեմ միանձնյա իշխանության համար եւ ամեն ինչ անում այդ պահին հավուր պատշաճի պատրաստվելու համար։
Անընդհատ քաղաքացիական պատերազմներն ու դիկտատուրաներն ակնհայտ էին դարձրել այն փաստը, որ Հռոմեական սենատը՝ որպես կոլեկտիվ կառավարման հռոմեական ժողովրդավարության հիմնասյուն, այլեւս ի զորու չէր դիմակայելու ներքին եւ արտաքին մշտական ճգնաժամերին ու մարտահրավերներին։
Հենց այսպիսի ճգնաժամերի խորապատկերում էին առաջ եկել խոշոր անհատականությունները՝ սենատորները, տրիբունները, ռազմական ու քաղաքական գործիչներն ու զորավարները։ Հաղթական արշավանքների, անձնական հեղինակության, տիրապետող կապիտալի եւ հաճախորդների ցանցերի միջոցով նրանք գրավում էին իշխանության տարբեր ոլորտներ՝ իրենց ձեռքերում կենտրոնացնելով պետական համակարգի՝ վարչական ու ռազմական, տնտեսական, քաղաքական բազմաթիվ ֆունկցիաներ ու լիազորություններ։
Համենայն դեպս, բոլորի համար պարզ էր, որ սենատական կառավարումից դեպի միապետական կառավարում անցումը ժամանակի հարց էր, եւ եռապետերի կառավարումը զուտ «փափուկ բարձիկ» կամ «ժամանակավոր դադար» էր վերջնական՝ միապետական կառավարման ճանապարհին։
Կառավարման այս մոդելը կենսունակ էր, քանի դեռ կողմերից ոչ մեկը չէր կարողանում հաղթել մյուս երկուսին ու ենթարկեցնել իրեն։ Բոլորը հասկանում էին որ եռապետության մոդելը հեղհեղուկ ու սիտուատիվ էր, եւ ցանկացած սայթաքում, անհաշվարկ քայլ կարող էր վերջ տալ այդ նուրբ հավասարակշռությանը։
Նրանք պարզապես իրենցով փոխարինել էին պետությանը, հասարակությանը պահում էին անընդհատ ընդհարումների, առճակատումների վախի մեջ եւ իրենց էությամբ հանդիսանում էին կարգ ու կանոնի մարմնավորում։ Նրանք էին պետության քաղաքական կյանքի ու կառավարման համակարգի ալֆան եւ օմեգան։
Ոչ ոք չէր կարող ընտրվել կամ նշանակվել առանց նրանց հայեցողության։ Ներքին եւ արտաքին քաղաքականության ոչ մի վճիռ չէր կայացվում առանց իրենց։ Նրանք սենատում սեփական ֆրակցիաներ էին պահում եւ փողոցում բուծում սեփական բանդաները։ Նրանք այնքան էին հզորացել, որ սեւ ցուցակները (պրոսկրիպցիաները) դարձրել էին առօրյա քաղաքական գործունեության միջոց, իսկ քաղաքական սպանությունները՝ սպորտաձեւ։
«Որքան վատ, այնքան լավ», որքան ավելի անկայուն, վտանգավոր, արյունալի, գերկենտրոնացած, այնքան ավելի էր ընդգծվում անձնակենտրոն քաղաքական համակարգի, եռապետերի դերը, այնքան ավելի էին նրանք դառնում դատավորներ ու վճռում գրեթե բոլոր հարցերը։ Իրենք փաստացի փոխադարձ գոյության իմաստավորման ու փոխլրացման համակարգ էին ստեղծել՝ յուրատեսակ մրցակցային համագործակցության միջավայր, որտեղ հաղթողն իրենք էին, իսկ պարտվողը՝ հասարակությունն ու պետությունը։
շարունակելի
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։