Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրինագծերին, որոնցով առաջարկվում է վերանայել Վճռաբեկ դատարանի եւ ՍԴ դատավորներին տրվող վարձատրության համակարգը: Կառավարության նիստում այս նախագծերի ներկայացումն առիթ էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեր դատաիրավական բարեփոխումներից եւ հայտարարեր. «Ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին եւ ոչ թե մարդկանց ձեռքերին: …Մենք այս որոշումները կայացնում ենք նաեւ այն պատճառով, որ երբ ասում ենք, հայտարարում ենք, որ ուզում ենք՝ երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ, դա ձեւ չէ, քաղաքական կարգախոս չէ: Դա համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետեւողականորեն պետք է հասնենք»:
Դատաիրավական ոլորտում բարեփոխումների մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է մշտապես, նույնիսկ այդ ուղղությամբ փորձել քայլեր անել, բայց արդյունքում իշխանությունը նաեւ այս հարցում է ձախողվել: Իսկ ոլորտին առնչվող որոշումները եղել են ընդամենը իրավիճակային կիսալուծումներ:
Ի դեպ, այսօր լրանում է վարչապետ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելու երրորդ տարին: Հիշում եք, այն բանից հետո, երբ ընդհանուր իրավասության դատարանը փոխեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու նրան ազատ արձակեց, Փաշինյանը կոչ արեց հաջորդ օրը եւեթ՝ մայիսի 20-ին, փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: Այնուհետեւ այդ օրը նա խորհրդակցություն հրավիրեց ու հայտարարեց. «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը», որ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի», եւ վերջապես՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:
Վերջում էլ Փաշինյանը հավելել էր. «Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին»:
Ավելի ուշ եղավ «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին Փաշինյանի հայտարարությունը: Հետո այս ամենին հաջորդեց նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ հայտնի վոդեւիլը. վարչապետը հայտարարեց, թե ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանն ընտրվել է կեղծիքներով։ Իշխանությունները մի քանի ամիս շարունակ նրան հեռացնելու ուղղությամբ տարբեր փորձեր էին անում, այդ թվում՝ քրեական գործ հարուցվեց, ու Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց:
Պայքարը մասամբ արդյունք տվեց. Հրայր Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից՝ շարունակելով, սակայն, պահպանել ՍԴ դատավորի կարգավիճակը: Այդ ընթացքում դադարեցված համարվեցին ՍԴ երեք անդամի լիազորությունները, ընտրվեցին նորերը: 2020-ի սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն ազդարարեց՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամն ավարտվել է:
Ու թարմացված կազմով ՍԴ-ն մի քանի ամիս անց հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, որի համաձայն՝ մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար։ Քոչարյանն, ըստ էության, արդարացվեց, եւ այդպես մարտի 1-ի գործը վերջնականապես թաղվեց:
Ինչ վերաբերում է երեք տարի առաջ տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ տրված առաջադրանքներին, ի՞նչ եք կարծում՝ արվեցի՞ն վիրահատական միջամտություններ, դատավորները վեթինգի ենթարկվեցի՞ն, ՄԻԵԴ որոշումներով հաստատված խախտումների հեղինակ դատավորները հեռացվեցի՞ն, թե՝ ոչ: Պատասխանը մեկն է՝ ո՛չ:
Բավական է միայն նշել, որ դատական համակարգի «կենդանի լեգենդ» Մնացական Մարտիրոսյանը, որը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քննել է գրեթե բոլոր աղմկահարույց քաղաքական գործերը, այդ թվում՝ մարտի 1-ի հայտնի «Յոթի գործը», Փաշինյանի գործը, եւ որի դատավճիռները հետագայում բեկանվել են ՄԻԵԴ-ում, այսօր շարունակում է պաշտոնավարել: Ավելին՝ Մնացական Մարտիրոսյանը հիմա էլ դատում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ում հրահանգներն էր ժամանակին կատարում:
Հիմա այլեւս վեթինգի մասին որեւէ մեկը չի խոսում, որեւէ մեկը չի հիշում նաեւ այլ առիթներով դատաիրավական ոլորտի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները (հիշեցման կարգով ասենք, որ վերջին անգամ նա այս տարվա մայիսի 5-ին է հայարարել, թե պետք է հետեւողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ):
Լավագույն դեպքում ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթներ է հարուցում դատավորների նկատմամբ եւ ուղարկում ԲԴԽ քննությանը. բայց սա էլ ավելի շատ քաղաքական ենթատեքստեր ունի:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: