1920 թվականի աշնանը Հայաստանը վեց շաբաթների ընթացքում կորցրեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք (այդ թվում՝ Կարսը), հրաժարվեց Սեւրի դաշնագրից, իսկ դեկտեմբերի 2-ի գիշերը քեմալական Թուրքիայի հետ՝ նրանց կողմից զավթված Ալեքսանդրապոլում (Գյումրի, որն այդ ժամանակ ՀՀ ամենամեծ քաղաքն էր), ստորագրեց հաշտության ստորացուցիչ պայմանագիր:
1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանը Թիֆլիսում Ռուսաստանի հետ ստորագրել էր համաձայնագիր, որով բոլշեւիկյան զորքերի կողմից «գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը»:
Հետագա տարիներին բազմաթիվ հոդվածներ, պատմական ուսումնասիրություններ ու գրքեր գրվեցին այն մասին, որ տեղի ունեցածը քեմալականների ու բոլշեւիկների միջեւ պայմանավորվածություն էր, որով Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ բաժանվեց թուրքերի ու ռուսների, ավելի պատկերավոր՝ մնաց «թուրքական սալի ու բոլշեւիկյան մուրճի միջեւ»:
Այսօր՝ այդ դեպքերից մեկ դար անց, քչերն են անդրադառնում մեր պատմության ամենամեծ հողակորստին: Փոխարենը շատ է գրվել ու գրվում այն մասին, որ մեր պարտության մեղավորները թուրքերն ու ռուսներն են: 1920 թվականի մայիսյան եւ 1921 թվականի փետրվարյան ապստամբությունները ոչ կուսակցական տեսանկյունից ուսումնասիրողները պիտակավորվել են «բոլշեւիկյան» եւ «դաշնակցական» անուններով:
100 տարի անց մեր պատմությունն ու պարտությունների շարքը զարմանահրաշ եւ ողբերգական նմանություններով կրկնվում են: Մնացել է միայն պետականության կորուստն ու Ռուսաստանի (Խորհրդային Միության) մաս կազմելը: Եթե, Աստված մի արասցե, դա էլ տեղի ունենա, կրկնությունը կլինի 100 տոկոսանոց:
1920-ի Կարսի ու մյուս պարտությունների համար նշանակվեցին հստակ մեղավորներ՝ թուրքերն ու ռուսները: Այսօր Կարս-2-ի՝ Շուշիի, Հադրութի եւ մեր մյուս պարտությունների միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Խորապես համոզված եմ, որ 100 տարվա մեր երկու նմանօրինակ պարտությունների մեղավորների ու պատասխանատուների հարցում հայ պատմագրությունը կողմնակալ է՝ ամենաանարդար ու հակագիտական կերպով:
Դուք հանդիպե՞լ եք դպրոցական, բուհական, ընդհանրապես ուսումնական ձեռնարկի, որտեղ հստակ նշված լինի, որ Հայաստանի պատմության ամենամեծ հողակորստի ամիսներին՝ 1920-ին, մեր հանրապետությունը ղեկավարում էր Բյուրո-կառավարությունը, վարչապետը Համո Օհանջանյանն էր, իսկ ռազմական նախարարը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը:
Այն ժամանակ մեղավորները ներխուժող թուրքերն ու ռուսներն էին, բանակի քայքայման գործում դավադիր դեր խաղաց բոլշեւիկյան քարոզչությունը, իսկ պետության առաջին դեմքերը, իշխող կուսակցությունը խնայվել են հնարավոր բոլոր միջոցներով:
Հասկանո՞ւմ եք մեր ողբերգական պատմության անհեթեթությունը: Երկրի կեսը կորցնում ենք, մյուս կեսը մաս է կազմում Խորհրդային Միության, իսկ պատասխանատվությունը մեզնից դուրս է:
Այսօր ճիշտ հակառակ քարոզչությունն է տարվում: 2020-ի մեր պարտության մեջ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Երեւանում Ռուսաստանի դեսպանության դեմ բողոքի ցույցեր չեն կազմակերպվում, աշխարհի կարեւոր մայրաքաղաքներում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դեմ պաստառներ չեն բարձրացվում, թուրք, ադրբեջանցի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին տհաճ հարցեր չեն տրվում մամուլի ասուլիսներում: Փոխարենը հայկական դեսպանատներն ու հյուպատոսություններն են «պաշարվում», հայ դեսպանները չեն կարողանում միջոցառումների մասնակցել: Կարծես թե նման տհաճ վիճակում պետք է հայտնվեին թուրք եւ ադրբեջանցի դեսպանները:
Նկատե՞լ եք՝ 2020-ի մեր սարսափելի ու ողբերգական պարտության մեջ անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է բացակայում: Երեսուն տարի ասվել է, չէ՞, որ Արցախը անկախ պետություն է: Ավելին՝ այս օրերին Արցախի տարբեր վայրերում կազմակերպվում են դպրոցական ցածրահասակ դասարանների աշակերտների բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի գործող ու նախկին իշխանությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես մեղավոր են ու պատասխանատու մեր պարտության համար, «թաքուն ձեռքով» տոն են տալիս Փաշինյանի դեմ կազմակերպվող դպրոցական ըմբոստություններին:
Մենք այսօր ձեռքի տակ չունենք փաստաթղթեր, համաձայն որոնց Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միմյանց միջեւ, հայ ժողովրդի հաշվին, կիսել են Արցախը ու մեր ժողովրդին տարել պարտադրված պարտության: Փոխարենը ունենք բազմաթիվ փաստեր ու փաստարկներ, որ 2020-ի մեր աղետը տարիներ շարունակ մենք ենք «եփել» մեր անիրատեսական, ցնորային, անգամ արկածախնդիր քաղաքականությամբ:
Այս պարտությունը, ինչպես 1920-ի Կարսը, մերն է եւ պետք է փորձենք դասեր քաղելով, արժանապատվորեն տանել այն, Հայաստանն ու Արցախը դուրս բերել անհուսալի թվացող վիճակից: Այս պարտության եւ աղետի թիվ մեկ պատասխանատուներն ու մեղավորները մենք ենք՝ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխավորությամբ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։