ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար։
Նախաձեռնության օգտին, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատում, 100 սենատորներից արդեն քվեարկել է 51-ը։
Փաթեթը ներառում է ռազմական, տնտեսական եւ հումանիտար օգնություն Ուկրաինային։ Կոնգրեսն ավելացրել է գումարը մինչեւ 40 միլիարդ դոլար՝ ի սկզբանե Բայդենի պահանջած 33 միլիարդ դոլարից:
Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն իսկ 13,6 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել: Նոր փաթեթով հանդերձ ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կկազմի 50 միլիարդ դոլար: Դա 6 միլիարդ դոլարով ավելի է, քան ԱՄՆ-ի՝ ամբողջ աշխարհին 2019-ին տրամադրած տնտեսական եւ ռազմական օգնությունը միասին վերցրած:
Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը հորդորել են օրենսդիրներին շտապել՝ զգուշացնելով, որ մինչեւ մայիսի 19-ն իրենց ֆինանսական միջոցները կսպառվեն Ուկրաինային օգնելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է եւս 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Նոր փաթեթի շրջանակում ԱՄՆ-ը Կիեւին կփոխանցի հակատանկային հրետանային մարտկոցների ռադարներ եւ լրացուցիչ ծանր զինամթերքներ:
Բայդենը մայիսի 9-ին լենդ-լիզի ծրագրի շրջանակում Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենք է ստորագրել: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ լենդ-լիզը թանկ ապրանքային վարկ է: Նա հասկանալի է համարել Վաշինգտոնի դրդապատճառները, որոնց հիման վրա որոշում է ընդունվել Ուկրաինային վարկ տրամադրելու մասին: Ըստ նրա՝ լենդ-լիզը Միացյալ Նահանգների ռազմական կորպորացիաներին գերշահույթ կապահովի:
ԱՄՆ-ի տնտեսությունը կործանման դատապարտելով՝ ի վիճակի չենք լինի փրկելու Ուկրաինային. սենատոր Ռենդ Փոլ
Օրինագծի ընդունումը մի քանի օրով, The Wall Street Journal -ի տվյալներով, խոչընդոտել էր հանրապետական սենատոր Ռենդ Փոլը, որը պահանջում էր ավելի մեծ վերահսկողություն ծախսերի նկատմամբ:
Կենտուկիի սենատոր Ռենդ Փոլն ահազանգել էր, որ Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ-ի բազմամիլիարդանոց ծախսերը սպառնում են երկրի անվտանգությանը: Նա շեշտել էր, որ Միացյալ Նահանգների տնտեսությունն առանց դրա էլ լավ վիճակում չէ։ Ըստ սենատորի՝ 40 միլիարդ դոլարը գերազանցում է ԱՄՆ-ի արտաքին ծախսերն ու հավասարվելու է Ռուսաստանի ռազմական բյուջեին:
Փոլի կարծիքով՝ նման վիթխարի ծախսերն էլ ավելի կխորացնեն դոլարի արժեզրկումն ու դաշնային բյուջեի դեֆիցիտը: Նա հիշեցրել է, որ միայն 2021-ին ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմում էր 2,8 տրիլիոն դոլար: Սենատորն ասել է, որ ժամանակն է միջոցներ ավելացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար եւ կենտրոնանալ երկրի ներքին խնդիրների վրա:
Ամերիկացի սենատորն իր դիրքորոշումը բացատրել է հետեւյալ կերպ. «Անկախ նրանից՝ որքան բարեհաճ գործ է Ուկրաինային օգնելը, ես՝ իբրեւ սենատոր, երդվել եմ ծառայել Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: ԱՄՆ-ի տնտեսությունը կործանման դատապարտելով՝ մենք ի վիճակի չենք լինի փրկելու Ուկրաինային»: