ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինան որպես պետություն կանհետանա, եթե դադարի Ռուսաստանին ընդդիմանալուց։ «Եթե Ռուսաստանը վաղը դադարեցնի մարտերը, պատերազմը կավարտվի։ Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլեւս չի լինի»,- ընդգծել է պետքարտուղարը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նվիրված էր ուկրաինական պատերազմի հետեւանքներից մեկին՝ պարենային ճգնաժամին։ ՄԱԿ-ն ահազանգում է՝ ճգնաժամն Ուկրաինայում կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Միացյալ Նահանգները դրանում մեղադրում է ռուսական կողմին՝ պնդելով, որ ռուսներն իրենց նպատակներին հասնելու համար պարենային ճգնաժամն օգտագործում են իբրեւ սպառնալիք։
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ պարենային ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքից ցորենի արտահանման միջանցքներ ստեղծել։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, որը շուտով կստորագրի Ուկրաինային 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագիծը, հայտարարել է, որ Կոնգրեսը, հավանություն տալով այդ օգնությանը, աշխարհին հստակ ազդանշան է ուղարկել. ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ միասին պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունը։